Եթե համակարգը վերարտադրվի, սա մեծ արտագաղթի սկիզբը կդառնա. Տիգրան Պետրոսյան

27-01-2020 16:35

Սույն թվականի հունվարի 26-ին տեղի է ունեցել «Վաղվա Արցախ» կուսակցության արտահերթ համագումարը: Քննարկվել են ներկուսակցական մի շարք կարևոր հարցեր, և հստակեցվել է գալիք համապետական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը: Համագումարին է ներկայացվել վարչության որոշումն առ այն, որ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է դաշինքով` «Ինքնություն և Միասնություն» ու «Ռամկավար-ազատական» կուսակցությունների հետ: Համագումարը վերահաստատել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին սատարելու մասին որոշումը, և հավանություն տվել վարչության կողմից առաջարկված ԱԺ ընտրությունների մասնակցության համամասնական ցուցակը: Տիգրան Պետրոսյանը նորաստեղծ «Վաղվա Արցախ» կուսակցության համանախագահներից է: Նոր ձևավորվող կուսակցությունն իր առջև մեծ առաքելություն է դրել` պայքարել արդարության համար, անօրինականությունների դեմ: Մասնագիտությամբ լինելով բժիշկ, Տ. Պետրոսյանը որոշել է մտնել քաղաքականություն ոչ ձևի համար, դա ժամանակի պահանջ էր` ավելի քաղաքակիրթ ձևով հայացքների ու կարծիքների մասին բարձրաձայնելու միտումով: «Կուսակցության հիմքում ընկած է պայքարը` ընդդեմ անօրինականությունների, օլիգարխայի, մենաշնորհների: Մեր նպատակը վաղվա Արցախի բարեկեցությունն է, և պատահական չէ, որ կուսակցությունը հենց այդպես էլ կոչվում է: Մեր նպատակը օրենքի գերակայության երկիրն է, որտեղ մարդը գերագույն արժեք է, և զարգացած, ոչ կոռումպացված երկիր ունենալն է»,-շեշտում է համանախագահը: Իսկ այն հարցին, թե «Վաղվա Արցախ» կուսակցությունն ինչո՞վ է տարբերվում մնացած բոլոր նորաստեղծ կուսակցություններից, Տ. Պետրոսյանն առանձնացրեց այնտեղ տիրող բազմակարծությունը, որտեղ մարդիկ ազատ են իրենց կարծիքներն արտահայտելու մեջ` ի տարբերություն բազմաթիվ այլ կուսակցությունների, որտեղ ղեկավարն է որոշում ողջ անելիքը: Ներկայում «Վաղվա Արցախ» կուսակցությունը սատարում է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին, որի հետ նախկինում որևէ առնչություն չունեին, բայց ժամանակի ընթացքում տեսան քաղաքական գործչին որպես ամենաարժանի թեկնածու: ,-առանձնացնում է համանախագահը: Տ. Պետրոսյանը հատկապես իր մտահոգությունն է հայտնում բնակչության ոչ այնքան իրազեկված լինելու խնդրի վերաբերյալ, դրա հետ մեկտեղ նա ահազանգում է սպասվող մեծ քանակի արտագաղթի մասին, որը անշրջելի կլինի, եթե ժամանակին անհրաժեշտ բարեփոխումներ չիրականացվեն, քանի որ բնակչությունը` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում, հուսալքված է, մտահոգ իրենց և իրենց երեխաների ապագայով: «Շատ կարևոր է, որ համակարգը չվերարտադրվի, սա մեծ արտագաղթի սկիզբը կդառնա»,-ավելացրեց նա: Տիգրան Պետրոսյանը շեշտեց` մարտի 31-ին կայանալիք ընտրությունները հասարակ ընտրություններ չեն, սա ճակատագրական կլինի մեր ժողովրդի համար, ուստի պետք չէ որոշում կայացնել անձնական շահից դրդված, այլ պետք է պետական շահին հետամուտ լինել, ինչքան էլ որ այս միտքը պաթոսային հնչի, այնուամենայնիվ սա է ճիշտը և բարոյականը:

Lragir.am,
27-01-2020 16:35