Բնակարանից գողացել էին չհրկիզվող պահարանը, բակից՝ տուժողի մեքենան․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

27-01-2020 17:44

Նախորդ տարվա օգոստոսի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Չեղովի փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել էին ոսկյա զարդեր ու տուժողի հանգուցյալ հորը պատկանած, փողը ծակած օրինական ատրճանակը: Բնակարանային գողերը վերցրել էին նաև տանտիրոջ մեքենայի բանալիներն ու բակից առևանգել նաև նրա «Տոյոտան»: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Շենգավիթի քրեական հետախույզներն իրականացրին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ: Դեպքի հաջորդ օրը Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերվեց տուժողի մեքենան՝ ամբողջությամբ այրված: Քրեական հետախույզները, մանրակրկիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ, հունվարի 22-ին փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բնակարանային գողությունը կատարել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ երեք երիտասարդ, որոնցից երկուսը տուժողի հարևաններն են: 24, 25 և 27-ամյա կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին: Արդեն հունվարի 25-ին նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեին: Դատարանը երիտասարդներին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց: Նրանք տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկ: Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են:

Lragir.am,
27-01-2020 17:44