Կատարել ենք մեր առջև դրված խնդիրը. Արման Սարգսյանը՝ «էրեբունի պլազա»-ում միջադեպի մասին

27-01-2020 18:09

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձել է օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում Արման Սարգսյանը նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված եղել առանց արյուն թափելու իրավիճակը հասցնել հանգուցալուծման: «Գործի հետ կապված մանրամասները նախաքննական մարմինը կներկայացնի: Մեր մասով կարող եմ ասել, որ կատարել ենք մեր առջև դրված խնդիրը, անարյուն իրավիճակը հանգուցալուծվեց: Կարողացանք այնպես անել, որ առանց որևէ միջադեպի, առանց որևէ տուժածի զինված տղամարդուն դուրս բերենք այդտեղից»,-ասաց Արման Սարգսյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե զինված տղամարդը դուրս է բերվել առանց ձեռնաշղթաների, Արման Սարգսյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություն է եղել: Այն հարցին, թե ինչու է հենց նա բանակցել զինված տղամարդու հետ, Արման Սարգսյանն ավելացրեց, որ երբեմն իրավիճակից բխող գործողությունների կարիք է լինում: Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է: Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել էր հրազենը: 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր: Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը)  2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)հատկանիշներով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հունվարի 23-ին «էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոց արձակած 33-ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդությունը:

Lragir.am,
27-01-2020 18:09