Ավտոմեքենաների շուկան փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն

27-01-2020 18:27

Նախորդ տարի Հայաստան ներմուծվել է 200 հազ. ավտոմեքենա, ինչը մեզ նման փոքր երկրի համար խայտառակ թիվ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը, տեղեկացնում է Փաստինֆոն: Նրա խոսքով՝ Ղազախստանից շատ մարդիկ էին եկել Հայաստան ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով, սակայն դա չի կարող կազմել 100 տոկոսը. «Եթե 50 տոկոսն արտահանվել է, մյուս 50 տոկոսը մնացել է Հայաստանում: Դա լուրջ խնդիր է դառնալու բոլոր տեսանկյուններից: Նախ այն մարդիկ են տուժելու, որոնք այդքան մեքենա են ներմուծել, որովհետև շատերը վարկային միջոցներ են ներգրավել այդ նպատակի համար: Այժմ փորձելու են արագ ազատվել այդ ավտոմեքենաներից, որպեսզի կարողանան կատարել իրենց վարկային պարտավորությունները: Դա կբերի ավտոմեքենաների շուկայի փլուզման, այսինքն գները կտրուկ կնվազեն»,-ասաց Արեն Ապիկյանը: Վերջինս նշեց, որ եթե Ղազախստանի քաղաքացիները եկել ու փորձել են Հայաստանից ավտոմեքենա տանել Ղազախստան՝ չիմանալով իրենց օրենսդրությունը, վաճառողը կարող է չիմանալ: Արեն Ապիկյանն այստեղ Հայաստանի օրենսդրության խախտում չի տեսնում: Նրա կարծիքով պետական մարմինները պարզապես կարող էին կանխատեսել ու զգուշացնել ՀՀ քաղաքացիներին, որ Ղազախստանի քաղաքացիների հետ նման գործարքները լուրջ խախտումների կարող են հանգեցնել:

Lragir.am,
27-01-2020 18:27