Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան

27-01-2020 18:43

2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Նրան մեկ անգամ արդեն վիրահատել են հունվարի 24-ին, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն դեռևս չկա: Նրա ապաքինման դինամիկայից ելնելով բժիշկները կորոշեն իրենց անելիքները»,- նշեց Բալայանը: Անդրադառնալով նաև նույն օրը պարտադիր ժամկետային զինծառայող, աջ բազկի շրջանում հրազենային վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանին՝ ՀՀ ՊՆ փոխնախարարը շեշտեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Բժշկական բոլոր միջոցառումներն իրականացվել են, նա շուտով կվերադառնա իր ծառայությանը»,- ասաց Բալայանը:

Lragir.am,
27-01-2020 18:43