«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարին մասնակցելու համար գրանցման փուլը շարունակվում է

27-01-2020 18:42

Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը երկրորդ անգամ 9-16 տարեկան հայ պատանիների համար կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը: Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում պատանի ֆուտբոլիստներին մարզելու են  Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները: Այժմ ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը  բանակցություններ է վարում ճամբարի տեղակայման վայրի և պորտուգալական ակումբի լավագույն մարզիչներին ներգրավելու շուրջ: Նրա խոսքով՝ արվելու է հնարավորը պատանիների համար լավագույն պայմաններն ապահովելու համար, թե՛ կեցության, թե՛ մարզումների առումով: «Bsports»  ակադեմիայի գործադիր տնօրեն Պեդրո Լեիտիսն այս անգամ ևս իր համաձայնությունն է տվել մարզել հայ պատանիներին և նշել, որ  մեծ սիրով երկրորդ անգամ կմարզի հայ պատանիներին, որպեսզի նրանք հետագայում իրենց արժանի տեղը գտնեն աշխարհի ֆուտբոլային ակումբներում: Ըստ Լեիտիսի՝ հայ պատանիները մեծ ներուժ ունեն և պետք է սովորեն ֆուտբոլը խաղալ թիմային՝ փոխանցումներով, այլ ոչ թե ինքնուրույն վարել խաղը: Ի դեպ՝ հենց այս ուղղությամբ են տարվում ակադեմիայի մեկշաբաթյա դասընթացները, որոնց ընթացքում՝ առաջին իսկ պարապմունքների ժամանակ, ակնհայտ է եղել արդյունքը: Երեխաների մոտ ֆուտբոլային նոր տեխնիկայի, մարտավարության  և մտահորիզոնի փոփոխության մասին  փաստել են նաև ծնողները: Բացառիկ այս ճամբարը նախատեսվում է կազմակերպել  գարնանային արձակուրդների օրերին և արդեն մեկնարկել է հավաքագրման փուլը: «Դիմողները բավականին շատ են: Այս անգամ որոշել ենք 60 երեխա ընդգրկել: Եթե ցանկացողներն ավելի շատ լինեն, կմտածենք 2 փուլով անցկացնելու մասին: Արդեն մեկ տասնյակից ավելի պատանի ֆուտբոլիստներ հավաքին ընդգրկվելու ցանկություն են հայտնել և նրանց ծնողներն էլ հաստատել են երեխաների մասնակցությունը», – ասել է նախաձեռնության հեղինակ Լևոն Ղասաբօղլյանը և հավելել, որ տեղերը սահամանափակ են, ուստի պետք է գրանցվելու համար շտապել: Առաջին հավաքի արդյունքներով ընտրվել էին  երկու մարզիկներ, ովքեր արդեն հունիսին մեկնելու են Պորտուգալիա և մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ֆուտբոլային ակադեմիայում: Երկրորդ` գարնանային, հավաքի մասնակիցներին նույնպես սպասում են անակնկալներ: Լևոն Ղասաբօլղյանն ընդգծել է, որ «Bsports»-ի հիմնական նպատակը հենց արտասահմանից տաղանդներ գտնելն է ու նշել՝  եթե այս երեխաներն իրենց լավ դրսևորեն Պորտուգալիայում, կարող են «Bsports»-ի ֆուտբոլիստներ դառնալ, որտեղ ուսումն անվճար կլինի: Նա շեշտել է, որ ակադեմիայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, իսկ ֆուտբոլիստները դառնում են պրոֆեսիոնալներ, որոնք իրենց նկատած գործակալների միջոցով հետագայում կարող են հարթել իրենց ճանապարհը: Ըստ Ղասաբօղլյանի՝ չընտրված երեխաների համար նույնպես երեւանյան ճամբարը կարևոր փորձություն է հետագայում նոր ասպարեզներ նվաճելու համար: Հիշեցնենք, որ գրանցման փուլը դեռ ընթացքի մեջ է, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է  զանգահարել 091 463 570 հեռախոսահամարով:

Lragir.am,
27-01-2020 18:42