ՀՀ նախագահը մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին

27-01-2020 18:48

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին՝ նրանց շնորհավորելով ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագահ Արմեն Սարգսյանը պարգևները հանձնեց հունվարի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրում: «Բանակի օրն առանձնահատուկ է բոլորիս համար: Այդ առիթով ուզում եմ շնորհավորել բոլոր պարգևատրված ազատամարտիկներին, զինվորներն, սպաներին, բժիշկներին: Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր հայորդիներին, որոնք իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու երազանքին, իրենց կյանքը տվեցին Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում»,- ասաց Սարգսյանը: ՀՀ նախագահը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած անձանց հիշատակը: «Ընդամենը 28 տարի առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց օրենք ՀՀ պաշտպանության նախարարության մասին: Այսօր ունենք հզոր բանակ, և այդ պատմական շրջադարձային իրադարձության փայլուն վկայություններն են Սարդարապատի, Ղարաքիլիսայի փայլուն հաղթանակները, 75 տարի է անցել, և չենք կարող չհիշել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի հսկա ներդրումը, հայերը պայքարել են ֆաշիզմից ազատվելու, Ֆրանսիան, Եվրոպան ազատագրելու համար: Հայ ազգը տվել է Խորհրդային Միության հերոսներ, 60-ից ավելի գեներալ, հինգ մարշալ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի այս կապակցությամբ»,- նշեց Արմեն Սարգսյանը: ՀՀ նախագահը շեշտեց նաև Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակն ու պայքարը, որը հիմք դրեց հայոց բանակի ստեղծմանը:

Lragir.am,
27-01-2020 18:48