Այս ժողովրդին այս ի՞նչ եք կերակրում 25 տարի: Սա չէ մեր իրական դեմքը

Lragir.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը Պարոն Իսպիրյան, ինչպե՞ս եք գնահատում ավագանու արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի արարքն ու դրան հաջորդած իրադարձությունները: Մենք ընդունեցինք, որ դա անընդունելի է, և երիտասարդն իր մանդատը վայր կդնի: Դեռ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ էր ԱԺ ամբոնից ասել, որ որոշ պաշտոնյաներ չեն գիտակցում իրենց դերն ու ակտիվիստի նման են դրևորում իրենց: Ինչի՞ հետևանք է դա, քանի որ նման դեպքերը կարծես շարունակվում են: Ինչը շարունակվում է, իր պատասխանն ստանում է: Եվ այդ մարդիկ՝ շարունակողները մեր շարքերից հեռանում են: Ոչ մի դեպքում ատելության մթնոլորտը տեղ չունի իշխանության ներսում: Դուք գիտեք, մեր ավագանու թիմը կազմված է ազնվագույն մարդկանցից, ովքեր իրենց ամբողջ կյանքը պայքարել են Երևանի համար, իրենց սիրտն ու հոգին տվել են քաղաքին: Եվ մարդիկ, ովքեր ընկնում են էմոցիայի գիրկը, նրանց համար ոչ թե մեր խմբակցությունը կամ կուսակցությունը պետք է պատասխան տան, այլ հենց իրենք՝ այդ մարդիկ պետք է պատասխան տան իրենց արարքների համար, ոչ թե Ֆեյսբուքից ջնջեն իրենց ստատուսները: Ամեն մեկն իր արածի համար պետք է պատասխան տա: Իսկ որ մեր թիմը հզոր թիմ է, ես հպարտանում եմ մեր թիմով, դրանում ոչ մի կասկած չկա: Ավագանու նիստում բոլորը դատապատե՞լ  են Հենրիկ Հարթենյանի արարքը: Իհարկե, ինչու այդպիսի մարդ կա՞, որ ասի՝ լավ ես արել: Այդպիսի մարդ չի էլ կարող լինել մեր շարքերում և ընդհանրապես հանրության մեջ: Ինքն էլ 20 տարեկան է, էմոցիոնալ: Երբեմն ֆեյսբուքյան այս ատելության մթնոլորտը, այս փոթորիկը մարդկանց տանում է մի այնպիսի տեղ, որ խելահեղ բաներ են անում, հետո փոշմանում են: Բայց գիտեք, չար ուժեր կան, որ այդ ամենը մի վայրկյանում թռցնում են, դարձնում մեծ պատմություն: Մի կողմից էլ լավ է, որ մեծ պատմություն է դարձել, քանի որ մյուսների համար կարող է դաս լինել, այդպե՞ս չէ: Այո, բոլորին դաս կլինի և, կարծում եմ, ամենամեծ դասը կլինի ընդդիմությանը: Հիմա փաստորեն  մյուս կողմից սպառնալիքներ են հնչում այդ տղայի նկատմամբ: Լիքը մարդիկ ասում են՝ որտեղ  բռնեք, մենք տեր ենք, ըսենց արեք, ընենց արեք: Տղա է, ուղղակի պահի տակ նման քայլ է արել, որի համար փոշմանել է: Ատելության խոսքի տարածման հարցում իշխանության մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք, որովհետև հեղափոխությունից հետո շատ են նաև նման կարծիքներ հնչում, որ անհանդուրժողականության, ատելության մթնոլորտի մեծացման պատասխանատուն հենց իշխանությունն է: Ատելության մթնոլոտը գալիս է հակառակ կողմից, իշխանությունից երբեք ատելություն չի գնացել: Այն, որ իշխանության անունից ատելության մթնոլորտ են ստեղծում, դա էլի ընդդիմադիր դաշտից է գալիս: Ինձ թվում է՝ դա կամաց-կամաց վերանում է: Միայն Ֆեյսբուքով մի կողմնորոշվեք, Ֆեյսբուքն այնքան փոքր դաշտ է, որ չի կարելի կարծիք կազմել: Երբ դուրս ես գալիս քաղաք, շրջում ես հասարակության մեջ, լրիվ ուրիշ տպավորություն ու մթնոլորտ է: Մարդիկ հույս-հավատ ունեն, սեր ունեն, ժպիտ ունեն, մարդկանց մեջքներն ուղղվել է: Այդ Ֆեյսբուքից պետք է դուրս գալ ընդհանրապես և միայն լավ բաները նկատել: Օրինակ՝ ես միայն երաժշտական ծրագրեր եմ տեղադրում իմ ֆեյսբուքի էջին: Միայն երաժշտություն, լավ բաներ, դրական էմոցիաներ եմ տարածում, ուզում եմ լավ բաներ տեսնել: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչքան խանգարողներ, չուզողներ կան, ես հասկանում եմ, թե դա ինչից է գալիս՝ կերակրատաշտից զրկվել են լիքը մարդիկ: Եվ նրանք իրենց թիմն ունեն, կերակրում են շատերին: Ես կարծում եմ, որ երկրում ամենակարևոր խնդիրներից մեկը հեռուստատեսության որակի փոփոխության անհրաժեշտությունն է: Հեռուստաընկերությունները պետք է բարեփոխվեն, ավելի շատ ուսուցողական ծրագրեր ցուցադրեն, ոչ թե էժանագին հումորային և քաղաքական հիմարություններ: Արդեն 25 տարի է՝ սիրտս խառնում է մեր հեռուստատեսության որակից: Պետք է դա փոխել, ես ամեն ինչ անելու եմ, որ դա փոխվի, այդ հեռուստասերիալները եթե չվերանան, գոնե նորմալ սցենարիստներ պետք է աշխատեն դրանց վրա: Եվ հեռուստաալիքների դաստիարակությունը փողոցներում երևում է՝ երեխաների հագուկապից սկսած մինչև իրենց խոսելաձևն ու մտածելակերպը: Դա խայտառակություն է: Կներեք, կոպիտ օրինակ եմ բերում՝ 33 սերունդ պետք է, որ գայլը դառնա շուն, բայց 4 սերունդ է պետք, որ շունը դառնա գայլ: Այս ժողովրդին այս ի՞նչ եք կերակրում 25 տարի: Սա չէ մեր իրական դեմքը, մեր իրական մշակույթը պետք է գտնել ու բերել հեռուստառադիո դաշտ, ինչը ես ամեն օր անում եմ Հանրային ռադիոյում՝ որպես արխիվի տնօրեն: Երևանի ավագանու աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Ոչ թե լավ եմ գնահատում, այլ ֆանտաստիկ: Այս և հաջորդ տարիներին տեսանելի կլինեն մեր քաղաքապետարանում տեղի ունեցող բոլոր բարեփոխումները՝ սկսած մետրոյի շինարարության սկզբից, վերջացրած իմ ամենասիրելի թեմայով՝ կանաչապատում, ոռոգման համակարգի տեղադրում ամբողջ քաղաքում: Ես նաև մեծ ցանկություն ու հույս ունեմ, որ Օղակաձև այգում գտնվող և չաշխատող սրճարանների հարցն ի վերջո կլուծվի: Այսինքն՝ դրանք պետք է ապամոնտաժվեն, որովհետև դրանք չեն էլ աշխատելու, որովհետև հանրությունը ցանկություն էլ չունի նստել այդպիսի վայրերում: Այդ այգում ավելի լավ է ծառ ու ծաղկունք լինի, քան նման սրճարաններ: Իսկ օպերայի շենքի հարակից տարածքում դեռևս գործող մյուս սրճարանների ճակատագիրն ի՞նչ է լինելու: Այնպիսի տպավորություն է, որ արտոնյալներ կան, մի քանի սրճարան ապամոնտաժվեցին, մյուսները մնացին: Մենք որոշել էինք առաջին գծի սրճարանները հանել: Այնտեղ երկու մեծ սրճարանները հեռացվեցին, մնացին մանր մի քանի սրճարաններ: Երևի այս տարի դրանց մասով որոշում կկայացվի, արտոնյալներ չեն լինի: Եթե տեսնեք, թե ինչ գեղեցիկ է այդտեղից հանված սրճարանների տեղը: Եթե բոլորը հանեն, ավելի լավ կինի, բայց այնտեղ ինչ-որ մի սրճարան պետք է լինի, բայց որակով ու չափի մեջ, դիզայնին  համապատասխան: Ասյինքն՝ քաղաքապետարանում աշխատանքները հրաշալի ընթանում են: Իսկ երբեմն ծագող միջադեպերը դրանք փոքր միջադեպեր են, որոնք լուցկու պես վառվում ու մարում են:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
27-01-2020 21:54