Կամա թե ակամա խոստովանություն. վարչապետի անկեղծության պահը

Պայքարը Նիկոլ Փաշինյանի եւ Սահմանադրության միջեւ է, հայտարարել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին եւ «գրչի պատմությամբ» նոր բռնկմանը: Որքան էլ Դավիթ Հարությունյանի խոսքը տարօրինակ հնչի , խորքային առումով նա իրավացի է, արտացոլելով Հայաստանում առնվազն քառորդ դար տեղի ունեցած իրողությունների եւ հեղափոխությունից հետո իրավիճակի, մարտահրավերների նուրբ շերտերը: Առերեւույթ, այստեղ դիմակայությունը հեղափոխությունն առաջնորդած, վարչապետ Փաշինյանի եւ նախկին իշխող համակարգի միջեւ է, դրա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, կամ հեղափոխության ու հակահեղափոխության, կամ հեղափոխության ու ռեւանշի միջեւ է: Խորքային առումով սակայն Հայաստանում հետհեղափոխական իրավիճակն ունի այլ առանձնահատկություն, եւ այստեղ իսկապես Նիկոլ Փաշինյանը կանգնած է Սահմանադրության առաջ, ու պայքարը նրա եւ Սահմանադրության միջեւ է: Խնդիրը Փաշինյանի ու Սահմանադրության միջեւ է, կամ՝ Փաշինյանի ու Սահմանադրության միջեւ է Հայաստանում ձեւավորված հանրային, քաղաքական մթնոլորտի ու մտածողության խնդիրը: Այդ մթնոլորտն ու մտածողութունը մշտապես խորքից, արմատից մերժել են Սահմանադրության, սահմանադրականության գաղափարը: Այդ գաղափարը Հայաստանում միավորող չի եղել: Միավորողը եղել է հակասահմանադրական, հակաօրինական ճանապարհով ձեւավորվող իշխող համակարգին հեռացնելու գաղափարը: Այդ իսկ պատճառով հեռացնելուց հետո առաջանում է «գաղափարական ճգնաժամ»՝ ինչպես ապրել, ինչպես կառուցել հանրային, քաղաքական համակեցությունը հետագայի համար: Այստեղ էլ առաջանում է որոշակի ճգնաժամ: Չկա Սահմանադրության եւ նախկին իշխող համակարգի հանդեպ միարժեք վերաբերմունքի ընդհանուր եզրը: Եղած Սահմանադրության մերժումը առաջ է բերելու հարց՝ իսկ ինչո՞վ ենք կառուցում հետագա համակեցությունը: Նախկին համակարգին տրվող իրավա-քաղաքական գնահատականը խաբկանք է, որպես հետագա համակեցության հիմք: Միաժամանակ, Սահմանադրությամբ առաջնորդվելը՝ թեկուզ նախկին համակարգի ընդունած Սահմանադրության, առաջ է բերում խնդիր, ինչպես օրինակ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը, տալով արդեն ամենատարբեր ու բազմազան նենգափոխումների եւ շահարկումների առիթ: Դավիթ Հարությունյանը, որը առանցքային դեր է ունեցել նախկին իշխող համակարգի բնույթի պայմաններում իրավա-քաղաքական կատեգորիաների՝ ըստ անհրաժեշտության ադապտացման եւ կառավարման գործում, անկասկած լավագույնս է պատկերացնում հանրության շրջանում սահմանադրականության գաղափարի շուրջ առկա վակուումը: Նիկոլ Փաշինյանը կանգնել է դրա առաջ՝ երբ մի կողմից բավական բարդ է խոստովանել այդ վակուումը եւ բացատրել, որ «փոխենք Սերժի Սահմանադրությունը» արտահայտությունը կախարդական բառ չէ, եւ մյուս կողմից բավական բարդ է առաջ գնալ այդ վակուումի պայմաններում: Այդ իմաստով խիստ խորհրդանշական էր վարչապետի պատասխանը «Սերժ Սարգսյանի կոստյում Սահմանադրության» վերաբերյալ հարցին, երբ նա ցույց տվեց կոստյումն ու հայտարարեց, որ իր եւ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունն այն է, որ իր գրպանում չկան միլիարդներ: Բայց ամբողջ հարցն այն է, որ Փաշինյանն ինքն է սահմանել տարբերության այլ չափում՝ հենց «կոստյում» բնորոշմամբ, ու բավական բարդ է լինելու հանրությանը գնահատման այլ չափանիշի բերելն ու ապագայի համար քննարկումը Սահմանադրության գաղափարի շուրջ կառուցելը: Բայց դրան այլընտրանք չունի թե հանրությունը, թե վարչապետը: Անկասկած է, որ պետության ու հանրության առաջ կատարած քայլերի համար պետք է պատասխան տան բոլորը, բայց հեղափոխությունը «բանտել»՝ ապագան ինչ որ մարդկանց աներկբա բանտարկության գաղափարով պայմանավորելու հանգամանքով, դա նոր Հայաստանի համար կլինի ժամանակային մեծ շռայլություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
27-01-2020 22:49