«Ասում էր՝ մամա ջան, սահմանն ավելի լավ է, ես ուզում եմ միշտ այստեղ լինեմ»

Եռաբլուր զինվորական պանթեոնում ի թիվս այլ հերոսների ամփոփված է նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մարմինը: 2015 թվականին բանակ զորակոչված Գրիգորն ընդամենը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան քառօրյան: Նա այն 18 զինծառայողների թվում էր, ովքեր գերեվարվել են ադրբեջանցիների կողմից՝ 2016-ի ապրիլի 2-ին: «Իմ որդին 18 խոշտանգվածների մեջ էր»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի մայրը՝ Անահիտ Հարությունյանը: Գրիգոր Հարությունյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով է փոխանցվել հայկական կողմին՝ փոխանակման սկզբունքով: Անահիտ Հարությունյանն ասում է, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ որդին ադրբեջանական կողմում վեց օր ողջ է մնացել: Գրիգոր Հարությունյանը վաղ տարիքում զրկվել էր հորից: Եվ չնայած ծնողազուրկ էր և չպետք է զորակոչվեր Արցախ, սակայն մայրն ասում է, որ որդին ինքնակամ ընտրել էր Արցախում ծառայությունը: «Ասաց՝ գնում եմ ոչ թե ծառայության, այլ հայրենիքս պահելու»,- նշեց մայրը: Նա դիպուկահար էր, ծառայում էր Ջաբրայիլի շրջանում: «Գրիգորը երբեք չի դժգոհել ծառայությունից, ընդհակառակը, նա միշտ ուրախ էր, երբ բարձրանում էր դիրքեր: Ասում էր՝ մամա ջան, սահմանն ավելի լավ է, ես ուզում եմ միշտ այստեղ  լինեմ: Մարտի 31-ին ինձ հետ վերջին անգամ խոսեց, ասաց՝ մամ, բարձրանում եմ սահման, հաջորդ օրը կզանգահարեմ: Դրանից հետո այլևս չկարողացա կապ հաստատել նրա հետ»,- պատմում է մայրը: Անահիտ Հարությունյանի խոսքով՝ Գրիգորը արդեն վեց տարեկանից հերոսական ոգի ուներ, քանի որ մտածում էր, որ ինքն ու երկու եղբայրները պետք է գնան ու ծառայեն հայրենիքին: «Նրանք երեքն էլ հերոսական գրքեր էին կարդում, պատերազմների վերաբերյալ կինոներ էին դիտում: Գրիգորն ասում էր՝ մամա, որ ես գնամ ծառայելու, թուրք եմ խփելու: Եվ այդպես էլ եղավ»,- հավելեց մայրը: Ապրիլյան պատերազմից հետո Գրիգորի ընկերները պատմել են, որ նա մինչև վերջին պահը կռվել է: Այդ դիրքերը գրավվել են ադրբեջանցիների կողմից, որից հետո զինծառայողները գերի են վերցվել: «Պատմեցին, որ Գրիգորը մինչև վերջին շունչը կռվել է, ոչնչից չի վախեցել: Երբ զենքը չի կրակել, ինքն սկսել է բահերով ու քարերով հարձակվել: Դիրքերն արդեն հանձնել էին, որովհետև կատաղի մարտեր էին, բայց նա շարունակել է կռվել»,- ասաց մայրը: Նրա խոսքով՝ Գրիգորը նպատակ ուներ խոհարար դառնալ: «Շատ նպատակներ ուներ, բայց նպատակները մնացին կիսատ: Մենք անապահով էինք ապրում, ինքն ասում էր՝ գնամ բանակ գամ, կաշխատեմ, ամեն ինչի նորմալ կլինի, նորմալ կյանքով կապրենք: Ասում էր ես տունը կվերանորոգեմ, իմ ուզած կահույքը կգնեմ: Բայց նրա նպատակներից ոչ մեկը չիրականացավ»,- նշեց Անահիտ Հարությունյանը: Գրիգոր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Արիության մոդալով: Անահիտ Հարությունյանը ևս երկու որդի ունի, որոնցից կրտսերը ծառայությունն ավարտել է ու վերադարձել է հունվարի 15-ին: Բանակի օրվա առթիվ Անահիտ Հարությունյանը խաղաղություն է մաղթում երկրին: «Մեր զինվորներին ցանկանում եմ առողջություն, բարի ծառայություն, որ անփորձանք վերադառնան իրենց տուն»,- ասաց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
28-01-2020 18:51