Ինչքան մարդկային արժանապատվությունը նվաստացնող համակարգի ստեղծած խնդիրները մնում են չլուծված, այնքան պարարտ հող է մնում մերժվածների համար խոսելու

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսում հնչեցրած հայտարարությունները, ինչպես նաև նախօրեին ֆեյսբուքյան լայվում արած հայտարարությունները, որտեղ, ըստ էության, նաև Վանեցյանի վրա ուղղեց սլաքները: Դուք ընդհանրապես, այս պատմությունից ի՞նչ տպավորություն ստացաք, որքանո՞վ էին Փաշինյանի փաստարկները հիմնավոր: Արդյոք այս ամենը մեզ մոտեցնում է ՍԴ-ի խնդրի լուծմանը: Նման իրավիճակների, նման մթնոլորտի, հարաբերությունների, վերաբերմունքի գնահատականների ամբողջ փունջը հասկանալու համար վերստին պետք է անդրադառնանք այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Ցանկացած իրադարձություն, որ հիմա տեղի է ունենում, դրանք հետևանք են թավշյա հեղափոխության շնորհիվ և արդյունքում հանրային օրակարգում հայտնված հարցերի, որոնք տարիներ շարունակ որևէ քննարկման չեն արժանացել: Թավշյա հեղափոխությունը, մերժելով ավտորիտար կառավարումը, որը հիմնված էր ոչ միայն անպատժելիության, համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների անպատժելի և շարունակական խախտումների հիման վրա, ընտրությունների արդյունքների կեղծմամբ, քաղաքացիների ազատ կամքի արտահայտման նկատմամբ ոտնձգություններով, որին ներգրավվում էին քրեական բոլոր գործիքները, քրեական հեղինակությունները: Այս ամենից բացի պետք է հասկանալ, որ ավտորիտար կառավարման համակարգն է հիմնված քծնանքի, ստրկական հպատակության տրամաբանության վրա: Որպես փաստ ուղղակի կնշեմ հենց 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախօրյակին SAS Group-ի հայտնի ձայնագրությունը, թե ինչպիսին էր վերաբերմունքը աշխատողների նկատմամբ, որոնք բացարձակապես լուռ էին. որպես մարդկանց միակ գոյատևման հնարավորություն թողնում էր քծնանքը վախեցնողի նկատմամբ: Նույնը դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունը, որը «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակվեց: Այդպիսին է եղել մթնոլորտը, այդպիսին է եղել մարդկային հարաբերությունների բնույթը պետական ապարատում, որը տարածվում էր նաև ամբողջ հասարակության վրա՝ քծնել, քծնել մինչև վերջ: Հայտնի այն նկարները նույնիսկ կհիշենք, երբ պարտադրված սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանը հանդիպում էր տարբեր կուսակցությունների հետ և ինչպիսին էր նրանց հրապարակային պահվածքը, կեցվածքը Սերժ Սարգսյանին բարևելիս: Այդտեղ քծնանքի դրսևորման անթաքույց ձևեր կային: Եվ այսօր, իհարկե, այս մասին պետք է խոսել, որ առանց քծնանքի հնարավոր չէր, որ որևիցե մեկը նաև արտաքուստ հարգալից վերաբերմունքի արժանանար, էլ չեմ խոսում, որ արժանանար որևէ պաշտոնի: Հրապարակավ և անթաքույց էր քծնանքը, և հեղափոխությունից հետո ոչ միայն իրավական, համակարգային, տարիներ շարունակ ձևավորված խնդիրների այս ամբողջ փունջը օրակարգ վերադարձավ, որոնք որևէ կերպ չէին կարող համապատասխանել ժողովրդավարական, իրավական պետության պահանջներին, այլ նաև հարաբերությունների բնույթը, որը առկա էր պետական ապարատում, քաղաքական համակարգում: Բավական է հիշել՝ ՀՀԿ գործադիր մարմնում Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ ի ղեկավարին հրապարակավ պարսավանքի ենթարկելուց հետո ինչպես էին երիտասարդ կարկառունները փրփրակալած վիրավորում այդ անձին: Դա ոչ թե միայն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին, այլ դա քծնանքի հրապարակավ արտահայտություն էր, քծնանքի դրսևորման օրինակ էր իրենց այսպես կոչված առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ, և ինքը ամենևին չէր սաստում: Երբ խոսում են ատելության մասին, մոռանում են, որ դա արվել է պաշտոնատար ամենաբարձր մակարդակում: Եվ այս հարցերը նույնպես դրվում են օրակարգում: Այսինքն՝ քծնանքը որպես կարևոր գործոն, ժառանգություն է մնացել նախորդի՞ց: Ես կարծում եմ այստեղ գրիչը չի կարևոր, և ամենևին նույնիսկ գրիչի կարիքն էլ չկար հղում կատարելու համար, բայց դա, իհարկե, զուտ նյութական նշանակություն ունի, թե օրինակ ինչպես է գրիչը հայտնվում ՍԴ նախագահից Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որը մեկ այլ պարագայում չէր կարող լինել: Գիտեք, շատ ուշագրավ էր այդ գրիչի գինը, դա ուսուցչի մի ամբողջ աշխատավարձ էր: Դա էլ հետաքրքիր փաստ է ճոխության: Այստեղ խնդիր ունեն լուծելու նոր իշխանությունները, և ոչ միայն իշխանությունները, այլ նաև Հայաստանում փոփոխությունները կարևորող, փոփոխություններով ապրող և այդ փոփոխությունների իրականացման հետ հույս կապողները: Ես պետք է ասեմ, որ ինչքան մարդկային արժանապատվությունը նվաստացնող համակարգի կողմից ստեղծված խնդիրները մնում են չլուծված, այնքան պարարտ հող է մնում մերժվածների համար խոսելու: Վանեցյանը ասում է, որ իշխանությունները պետք է մտածեն վարչապետի նոր թեկնածուի մասին: Վանեցյանին ստեղծեց Նիկոլ Փաշինյանը: Վանեցյանը դարձավ Վանեցյան հենց թավշյա հեղափոխության արդյունքում: Եվ հիմա ավելի շատ պետք է դասեր քաղել այն իմաստով, որ շատ պատասխանատու մոտեցում պետք է ցուցաբերել կադրային նշանակումների հարցում մինչև համակարգային փոփոխությունները: Բայց այն, որ արմատական համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն պետական կառավարման համակարգում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում, դատական համակարգում, Սահմանադրական դատարանում և այլն, դա միանշանակ է, այդ մասին բազմիցս ասել ենք: Քանի դեռ չկան համակարգային փոփոխություններ, ընթացիկ, օպերատիվ նշանակության խնդիրների լուծման ժամանակ մեծ ուշադրություն պետք է դարձնել, թե ինչ խնդիր է լուծվում, ինչ ճանապարհով է լուծվում, և ինչքանով է այդ խնդիրների լուծումը համապատասխանում համակարգային փոփոխությունների նախապատրաստման տրամաբանությանը: Վանեցյանը ամենատիպիկ դեպքն է, որ հեղափոխության բովանդակությունը հենց պետական ապարատում շատերը չեն հասկացել: Այսինքն՝ պետական ապարատը դեռևս իրապես մնում է պետությունը զավթած կառավարման օրոք ձևավորված վիճակում, և իհարկե նրանք, որոնք հանրային օրակարգում գոյություն ունեցող այս խնդիրները ոչ միայն չեն հասկանում, այլև կփորձեն այս խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը խոչընդոտել, նրանք կշարունակ են մերժվել, կապ չունի, թե դրանք կլինեն Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետության աջակիցները, թե հակառակորդները, որովհետև աջակիցների շրջանում էլ կարող են լինել մարդիկ, որոնք ոչ ամբողջ խորությամբ են գիտակցում այս գործընթացների, իրադարձությունների կարևորությունը, բովանդակությունը, և իրենց պատասխանատվությունն այդ գործընթացներին: Բայց այն, որ Երևանի ավագանու հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ոչ պատշաճ վարքագծի համար ավագանու անդամին հեռացնել, սա շատ կարևոր ուղեցույց է հենց այդ քծնանքի դրսևորումը կանխելու տեսակետից: Որովհետև, ըստ էության, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի պահվածքը այդ նույն քծնանքի տրամաբանության մեջ է՝ հաճոյանալ ղեկավարին և նման աբսուրդ, անմարդկային քայլ կատարել: Բայց կարևորը կանխվեց, և ես կարծում եմ, այդ կանխելու, կասեցնելու մոտեցումը երաշխիք է, որ օրինակ ձևավորվի, թե ինչպիսին չի կարող լինել պահվածքը: Այս առումով քննադատությունը, որն ուղղված է շտկելու, գործընթացները իրենց տրամաբանական ուղու մեջ պահելու, շատ կարևոր է: Ոչ թե այն քննադատությունները, որ նպատակ ունեն խոչընդոտելու այդ փոփոխությունները, այլ այն քննադատությունը, որը բացահայտում է ոչ քաղաքակիրթ պահվածքի դրսևորումները: Դա օրենքով չես կարող անել, իրավական նորմերով չես կարող անել, չնայած իրավական և ինստիտուցիոնալ փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի նման քծնանքի, շողոքորթության դրսևորումները չունենան պարարտ հող այդ կոռուպցիոն, քրեական կառավարման համար: Վանեցյանը հենց տիպիկ օրինակն է, որ դատաիրավական համակարգը համակարգային փոփոխությունների չի ենթարկվում համապատասխանեցնելու ժողովրդավարության պետության չափանիշներին, որտեղ քծնանքը տեղ չունի և հստակ չափորոշիչներ են դրված: Շատ կարևոր է, որ դատախազություն, ոստիկանություն, ՍԴ, բոլոր այդ մարմինների ղեկավարները իմանան, որ օրենքի առջև համապատասխանությունն է որոշիչ և ոչ թե ղեկավարի բարի աչքին արժանանալու միտումը: Պետք է եզրահանգումներ անել և շուտափույթ փոփոխություններ անել, որովհետև ժամանակին թե ինչ հիմքով էին մարդիկ նշանակվում պաշտոնին, տեղյակ չէր հանրությունը, քանի որ  հստակ չափանիշներ չկային: Շատ կարևորում եմ, որ այդ փոփոխությունները տեղի ունենան, քանի որ դրանց տրամաբանությունը հուշում է նաև հրապարակային խոսքի քաղաքակիրթ բնույթի մշակում, որի վրա իներցիան, ցավոք սրտի, դեռևս ազդեցություն ունենում է: Բայց շատ կարևոր է ձգտումը: Սա փոխելու առումով մեծ անելիք ունեն ԱԺ պատգամավորները, որոնց շարքերում նույնպես կան մարդիկ, որոնք ժամանակին հենց այդ նույն հիերարխիկ հարաբերություններում են եղել: Մերժվածների և նրանց պահվածքը նույն են: Նման բնույթի խոսքի դաշտում նախկիններն անգերազանցելի են, և պետք չէ նույն կերպ հակադարձել: Դա իր էությամբ ավտորիտար է, ժողովրդավար չէ, և մենք գտնվում ենք ազատության պայմաններում սովորելու գործընթացում, իսկ դրա հիմքում ազատության արժևորումը պետք է լինի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
28-01-2020 21:00