Թիկունքում հպարտության արժանի պետության խնդիրը

Հայրենիքը հպարտանում է իր զինվորով ու սպայով, բայց կա մի կարեւոր բան՝ զինվորն ու սպան էլ պետք է հպարտանան իրենց հայրենիքով: Այդ միտքը բանակի օրվա առնչությամբ տեղի ունեցած միջոցառմանն իր ելույթում հնչեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախ, ողջունելի է այն, որ կիրառվում է համապետական տոնական միջոցառումները այսպես ասած ապակենտրոնացնելու քաղաքականություն: Հայաստանի բանակի օրվա կապակցությամբ կենտրոնական միջոցառումն անցկացվել է Վարդենիս քաղաքում: Այնտեղ էլ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ զինվորն ու սպան էլ պետք է հպարտանան իրենց հայրենիքով՝ ինչպես հայրենիքը զինվորով ու սպայով: Վարդենիսում այդ հայտարարությունը հատկապես խորհրդանշական է: Որովհետեւ այն կենսամակարդակը, միջավայրը, որ կա Վարդենիսում, առանձնապես քիչ է հպարտության առիթ տալիս: Եվ այդպես է Հայաստանի տասնյակ այլ բնակավայրերում, եւ ընդհանրապես՝ գերազանցապես Երեւանում կենտրոնացած երկրում, բացառությամբ Երեւանից դուրս մի քանի տրենդային ուղղությունների, որտեղ կյանքի փոփոխությունը նկատելի է մի քանի տարի: Թիկունքում հպարտության արժանի պետության զգացողությունը զինվորի, սպայի համար չափազանց կարեւոր է՝ նրա պաշտպանական, անվտանգային առաքելությունն ու գործունեությունը քաղաքակրթական իմաստով պարփակելու համար: Այդ գործունեությունը չի կարող սահմանափակվել լոկ տան պաշտպանության տրամաբանությամբ: Դա առաջնայինն ու սկզբունքայինն է, սակայն չի կարող լինել միակը: Առավել եւս, որ Հայաստանի զինված ուժերը ռեգիոնում իրականացնում են ոչ միայն հայկական պետականության պաշտպանության, այլեւ միջազգային էական նշանակության առաքելություն ու գործառույթ: Ըստ այդմ, դա պահանջում է համաշխարհային կյանքում հայկական պետականության դերի, ասելիքի իմաստավորում: Իսկ պետականությունը Երեւանը չէ, կամ մի քանի քաղաքը չէ: Պետականությունը կենսագործունեության տարբեր ռիթմով, սակայն արժեհամակարգային եւ սոցիալ-հոգեբանական որոշակի ներդաշնակությամբ, ապագայի վերաբերյալ հավաքական գաղափարական պատկերացումներով օժտվածությամբ օրգանիզմն է, որն էլ ձեւավորում է այն պաշտպանող զինվորի եւ սպայի առաքելության քաղաքակրթական խարիզման:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
28-01-2020 22:02