Թրամփը ներկայացրել է պաղեստինա-իսրայելական կարգավորման պլանը

28-01-2020 23:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ներկայացրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման իր պլանը՝ միաժամանակ զգուշացնելով, որ պաղեստինցիների համար այս առաջարկը կարող է վերջինը լինել: Թրամփի պլանի որոշ մանրամասներ արդեն արտահոսել էին մամուլում, իսկ Պաղեստինի ղեկավարությունը մերժել է առաջարկները: Կարգավորման պլանը ներկայացնելիս Թրամփի կողքին կանգնած էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իսկ կետերի հրապարակումը պարբերաբար ընդմիջվում էր ծափահարություններով ու երկու երկրների ղեկավարների ձեռքսեղմումով: Իր ծրագիրը հրապարակելիս Թրամփը պատմել է, թե իր նախագահության օրոք որքան բան է արվել Իսրայելի համար, այդ թվում՝ Երուսաղեմի ճանաչումը Իսրայելի մայրաքաղաք, Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը Գոլանի բարձունքների նկատմամբ: Թրամփի կարգավորման պլանը նախատեսում է, որ Երուսաղեմը լինելու է Իսրայելի անբաժան մայրաքաղաքը: Միաժամանակ Թրամփը Պաղեստինին առաջարկում է սեփական մայրաքաղաքն ունենալ Արևելյան Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ն կբացի իր դեսպանատունը: Պաղեստինը կդառնա միջազգայնորեն ճանաչված պետություն: Թրամփի խոսքով, ոչ մի պաղեստնցի ու ոչ մի իսրայելցի չպետք է տեղահանվի իր տնից, իսկ կողմերին 4 տարի ժամանակ է տրվելու տարածքային հարցերը բանակցելու համար, այդ ընթացքում էլ Իսրայելը սառեցնելու է բնակավայրերի կառուցումն Արևմտյան Ափին: Թրամփը նշել է, որ իր պլանով Պաղեստինի տարածքը կկրնապատկվի՝ չմանրամասնելով, թե որ տարածքների հաշվին: ԱՄՆ նախագահի խոսքով, Իսրայելը, սակայն, չի զիջելու որևէ տարածք, որը կվտանգի նրա անվտանգությունը: ԱՄՆ նախագահը խոստացել է, որ համաձայնության դեպքում Պաղեստինում 50 միլիարդ դոլարի ներդրումներ կլինեն, ՀՆԱ-ն կեռապատկվի, 1 միլիոն նոր աշխատատեղ կբացվի, զգալի կկրճատվի աղքատությունը:

Lragir.am,
28-01-2020 23:00