Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն

29-01-2020 18:33

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել են տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն: Նախարարի տեղակալ Լ․Շուշանյանը  շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ հանդիպումը  տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու, գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակ ունի՝ այս համատեքստում կարևորելով  աշխատանքների փոխգործակցության ձևաչափը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են  իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը, պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները, ինչպես նաև պարզաբանումներն են տրվել ներկաների կողմից բարձրացված հարցերին: Լ․ Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով ակնկալելով առավելագույն բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում:

Lragir.am,
29-01-2020 18:33