Վարչապետի օգնությունը Հրայր Թովմասյանին. գրչի հակառակ կողմը

Եթե ես նահանջեմ, որեւէ մեկը ինձ չի հարգի, այդ թվում դուք, այդ թվում ես, Պրեսինգ հաղորդաշարի եթերում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Դա հաջորդել է գրչի պատմությանը, որին ՍԴ նախագահը առաջարկել է վերջ տալ: Պատմությունը, որ բացեց վարչապետը, որպես նոր իշխանությանը ծառայելու Հրայր Թովմասյանի պատրաստակամության ապացույց՝ որը Թովմասյանն ինքը գնահատել է ընդամենը պարզ քաղաքավարություն, լայն տարածում ունեցավ: Այն հիմնականում արժանացավ քննադատության, հեգնանքի ու զավեշտի: Գործնականում սակայն, գրչի պատմությունը մի կողմից հանրությանը ներկայացված ապացույց էր՝ ոմանց համար համոզիչ, ոմանց համար՝ ոչ, մյուս կողմից ուներ բոլորովին այլ նշանակություն, ակնարկ, որը ուղղված էր թերեւս նախկին իշխող համակարգի այն շրջանակներին, որոնց համար Հրայր Թովմասյանը վերածվել է կամ «նահատակի», կամ առաջնագծի զինվորի: Գրիչը ակնարկն էր թերեւս այն մասին, որ կարող էր եղած լինել իշանություն-Հրայր Թովմասյան շփում, որի առանցքում ծառայություն առաջարկելը ընդամենը դրվագ է, իսկ շփման արդյունքը կարող էր լինել որոշակի արժեքավոր տեղեկատվություն: Այլ կերպ ասած, գրիչը կարող էր լինել վարչապետ Փաշինյանի ակնարկը Հրայր Թովմասյանի այսպես ասած «քաղաքական հավաքագրվածության» մասին, այդ առնչությամբ որոշակի մտորումների կամ մտահոգության բերելով նախկին իշխող համակարգի շրջանակներին, որոնք կազմել են Հրայր Թովմասյանի պաշտպանական «բնագիծը»: Այդ լույսի ներքո, ՍԴ նախագահի հայտարարությունը, որ նահանջի դեպքում որեւէ մեկն իրեն չի հարգի, կարող է ստանալ որոշակիորեն այլ համատեքստ: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանն անկասկած հասկանում է, որ հայտնվել է պատասխանատու եզրագծում, որտեղ իրավիճակի կառավարումն ամենեւին իր ձեռքում չէ: Մինչդեռ չափազանց բարդ է՝ թե հոգեբանորեն, թե քաղաքական առումով կանգնել աննահանջ, երբ իրավիճակի կառավարման ղեկը մեծ հաշվով այլ տեղում է: Այդ տեսանկյունից, խոսելով նահանջի անարժանապատվության մասին, ՍԴ նախագահը թերեւս փորձում է նույն բարձր նշաձողի տակ դնել նաեւ իր պաշտպանական բնագիծը կազմող շրջանակներին, այդ թվում հաշվի առնելով եւ այն, որ դրանք բազմազան են՝ յուրաքանչյուրն իր խմբային շահով եւ նպատակներով: Միեւնույն ժամանակ, գրչի պատմությունն ու «քաղաքական հավաքագրվածության» մասին ակնարկը որոշակի օգնություն է Հրայր Թովմասյանին, քանի որ դրա միջոցով նա ստանձնում է իր պաշտպանական «բնագիծը» կառավարելու թեկուզ անուղղակի, թեկուզ հոգեբանական լծակ, ինչը նրա համար էական նշանակություն ունի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
29-01-2020 19:26