Առաջին 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 13 տոկոսով

29-01-2020 20:42

2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ: 2018-ի համեմատ արձանագրվել է 122 մլրդ դրամի աճ (13 տոկոս), Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ 2017-ի համեմատությամբ՝ վճարված հարկերի մեծությունը ավելացել է շուրջ 254 մլրդ-ով, կամ 31%-ով: «Մինչ հաջորդ փաստի ձեւակերպումը ասեմ, որ ուղղակի հարկատեսակները (եկամտային հարկ, շահութահարկ) ավելի հակված են ստվերայնության, քան անուղղակի հարկերը: Սա հատկապես խոշորների պարագայում, որոնք ակցիզային հարկը, ԱԱՀ-ն ավելի մեծ պատրաստակամությամբ են վճարում, քանի որ այդ հարկերը ետ են ստանալու սպառողներից, որովհետեւ այդ հարկերը ներառվում են վաճառքի գնի մեջ: Համապատասխանաբար՝ հարկային վարչարարության տեսանկյունից էլ ուղղակի հարկերի արձանագրումը ավելի մեծ ջանք է պահանջում, քան անուղղակի հարկերը: Սա հաշվի առնենք եւ տեսնենք, թե՝ 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ ուղղակի հարկերի մասնաբաժինը ի՞նչ փոփոխություններ է կրել վերջին տարիներին: Ըստ այդմ, 2019-ին վճարված ուղղակի հարկերի թիվը 2017թ համեմատ ավելացել է ավելի քան 4․4 տոկոսային կետով: Մասնավորապես եթե 2017-ին 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ (807 մլրդ) ուղղակի հարկերը կազմում էին միայն 252 մլրդ (կամ շուրջ 31.2%), ապա ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 35.6% (2018թ՝ 335 մլրդ, 2019թ` 378 մլրդ): Սա խոսում է հարկերի կառուցվածքում որակական փոփոխությունների մասին»,- գրել է Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ այն հանգամանքը, որ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 աշխատատեղ նկատվում է նաև խոշորների մոտ: «Մասնավորապես եթե 2018 թվականի ընթացքում խոշորների կողմից վճարվել է 173 մլրդ եկամտային հարկ (այս հարկը մասհանվում է վճարված աշխաատավարձերից) ապա 2019թ այս մասով առկա է առաջանցիկ աճ՝ 208 մլրդ դրամ (20% աճ): 2019-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով: 2019թ. ընթացքում 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել հայաստանյան 191 ընկերություն: 2018-ին այդպիսի ընկերությունների թիվը 166 էր, 2017-ին` 141: Նույն կերպ, 2019-ի ընթացքում 500 մլն դրամից ավելի հարկ վճարել է 361 ընկերություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի ընկերությունների թիվը 320 էր, 2017-ին` ընդամենը 285: 2019թ. ընթացքում 100 մլն դրամից ավելի ուղղակի հարկեր են վճարել 555 ընկերություններ, 2018-ին նման ընկերությունների թիվը եղել է 497, 2017-ին` 425»,- գրել է Փաշինյանը:

Lragir.am,
29-01-2020 20:42