ՉԺՀ Հուբեի նահանգում բնակվում է ՀՀ 7 քաղաքացի. քննարկվում է նրանց տարհանման հարցը

29-01-2020 21:27

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
29-01-2020 21:27