Նոր փուլ կարող է սկսվել, երբ Բաքուն պատրաստ կլինի նստել բանակցությունների սեղանին Ստեփանակերտի հետ

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Պարոն Զոլյան, իր ծավալուն ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախի խնդրի կարգավորմանը, թե ինչ ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից: Մասնավորապես, նա նշել է, որ բանակցվել է 7 շրջանները վերադարձնելու տարբերակ: Կարելի՞ է ասել, որ սրանով փակվում է մադրիդյան սկզբունքների էջը: Նախ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս Բանակի օրվա առթիվ: Այսօր Հայաստանի և Արցախի զինված ուժերը ոչ միայն մեր բոլորիս անվտանգության, այլև տարածաշրջանում խաղաղության երաշխավորն են: Այժմ ձեր հարցի մասին: Այո, իրոք Փաշինյանը և մենք բոլորս ստացել ենք շատ ծանր ժառանգություն Արցախի հարցում: Այն ամենը, ինչի մասին  խոսեց վարչապետը, կրկնելու կարիք չեմ տեսնում, ամեն ինչ միանգամայն պարզ է ասված: Դրան ավելանում է ծանր ժառանգության ևս մի լրջագույն գործոն․ Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացին: Խնդիրը ոչ միայն այն էր, որ Արցախի ներկայացուցիչները ֆիզիկապես բանակցությունների սեղանի մոտ տեղի ունեցող խոսակցությանը չէին մասնակցում, խնդիրը նաև այն էր, որ միջազգային հանրության մոտ ստեղծվել էր թյուր պատկերացում հակամարտության կոնֆիգուրացիայի մասին: Ադրբեջանական քարոզչության և Հայաստանի իշխանությունների բաղթողումների պատճառով տարածվում էր այն պատկերացումը, որ սա տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այն ամենն, ինչը մեջբերեց վարչապետը, հենց այս ռազմավարական բացթողման հետևանքերն են: Հեղափոխությունից հետո այդ խեղաթյուրված պատկերացումը կարծես իր տեղը զիջում է, բայց սա երկարատև գործընթաց է, և տարիներ կանցնեն, մինչև հնարավոր կլինի ասել, որ այդ ժառանգությունը հաղթահարված է: Փաշինյանը կոչ արեց Արցախի նախագահի պոտենցիալ թեկնածուներին արձագանքել, թե որքանով են ընդունում նախորդից ստացած ժառանգությունը: Թեկնածուներից մի քանիսն արդեն արձագանքել են: Որևէ մեկը չի ասում, որ կարգավորումը պատկերացնում են մադրիդյան սկզբունքների շուրջ: Սա նշանակում է, որ նախկինում պաշտոնական Ստեփանակերը և Հայաստանը ունեցել են հակասություննե՞ր: Ձեր բուն հարցին իրականում կարող են պատասխանել միայն Արցախի իշխանության ներկայացուցիչները և Հայաստանի նախկին ղեկավարները: Թե ինչ է քննարկվել նրանց հանդիպումներում, մենք չգիտենք, դրա մասին գիտեն միայն դրանց բուն մասնակիցները: Փոխարենը, մենք գիտենք, որ Հայաստանի նախկին իշխանությունները մի բան էին ասում միջազգային հանրությանը, մասնավորապես միջնորդներին, մեկ այլ բան էին ասում Հայաստանի հանրությանը: Ավելին, անգամ այն, ինչ ասում էին Հայաստանի հանրությանը, ևս փոփոխական էր: Երբեմն խոսում էին ինչ-որ շրջաններ հանձնելու մասին, երբեմն ճշտում էին: Թե իրականում ինչ էին նրանք մտածում ղարաբաղյան կարգավորման մասին, ըստ էության ոչ ոք չգիտի, բացի իրենցից: Եվ այս համատեքստում ես դժվարանում եմ ասել՝ արդյոք նրանք անկեղծ էին Արցախի ղեկավարների հետ իրենց քննարկումներում: Մենք չգիտենք այդ հարցի պատասխանը, այդ հարցը պետք է տալ իրենց: Բայց ես չեմ կարծում, որ մենք նախկին իշխանություններից երբևիցե կարող ենք ստանալ անկեղծ պատասխան: Ժնևում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանը և Մամեդյարովը: Ի՞նչ սպասելիքներ կան այս հանդիպումից: Իմ կարծիքով, ցանկացած նման հանդիպում դրական է: Միշտ ավելի լավ է, երբ խոսում են դիվանագետները, երբ կա երկխոսություն, քանի որ դրա բացակայությունը վտանգավոր է: Բայց նաև կարծում եմ հատուկ սպասելիքներ այդպիսի հանդիպումներից ընդհանրապես պետք չէ ունենալ: Առավել ևս այս դեպքում, քանի որ Ադրբեջանում ընտրություններ են սպասվում: Որքանո՞վ երկու երկրներում ընտրական գործընթացի ավարտից հետո Արցախի խնդրի կարգավորման նոր փուլ կսկսվի: Իհարկե, քանի դեռ տեղի չեն ունեցել ընտրությունները դժվար է ակնկալել, որ կարգավորման գործընթացում նոր փուլ կսկսվի: Բայց, ընտրություններից հետո էլ պարտադիր չէ, որ մենք իրոք կունենանք կարգավորման նոր փուլ: Նոր փուլ կարող է սկսվել այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները ընդունեն այն պարզ տրամաբանությունը, որն առաջարկել է Փաշինյանը՝ որ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ժողովորդների համար: Նոր փուլ կարող է սկսվել այն ժամանակ, երբ Բաքուն պատրաստ կլինի նստել բանակցությունների սեղանին Ստեփանակերտի հետ: Նոր փուլ կարող է սկսվել այն ժամանակ, երբ Բաքվի իշխանությունները դադարեցնեն ատելության քարոզը և հրաժարվեն սահմանային միջադեպեր հրահրելու մարտավարությունից: Տեսնենք, գուցե ընտրությունների արդյունքում Ադրբեջանի իշխանական օղակներում կհայտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան այդ պարզ ճշմարտությունները: Ահա այդ դեպքում միայն հնարավոր կլինի խոսել կարգավորման նոր փուլի մասին: Բայց այսօր ես նման հեռանկարը քիչ հավանական են համարում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
29-01-2020 22:38