Արտահերթ ընտրություն. Ինչպես են կիսելու 60 հազարը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում բարձր է համարում 2020 թվականին խորհրդարանի արտահերթ ընտրության հավանականությունը, թեեւ դա պայմանավորում է քաղաքական գործընթացի ինտենսիվությունից եւ «կոնսենսուս մինսուս մեկ» իր բանաձեւի քաղաքական ձեւաչափի, ընդդիմության մոբիլիզացիայի աստիճանից: Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք: Երկրորդ նախագահը նաեւ բավականին բարձր է դիտարկում հավանականությունը, որ իր պաշտպանությամբ զբաղվող հանձնախումբը կարող է դառնալ քաղաքական պայքարի պլատֆորմ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ հանձնախումբը նախորդ տարեվերջին հայտարարել էր 60 հազար ստորագրություն հավաքելու մասին: Իսկ 60 հազարը մոտավորապես այն թիվն է, որ խորհրդարանի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությանը հավաքել էր ՀՀԿ-ն, որին շատ քիչ էր մնացել հինգ տոկոս անցողիկ շեմը հաղթահարելուն: 60 հազարը, որոշակի «պլյուսով», այն տիրույթն է, որտեղ խաղի տեղ ունի նախկին իշխող համակարգը: Ամբողջ հարցն այն է, թե ինչ ձեւաչափով: Դիցուք, երբ լինում է խորհրդարանի արտահերթ նոր ընտրություն, ինչպես է դրան մասնակցում նախկին իշխող համակարգը: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն ներկայացնում են մե՞կ ցուցակ, թե՞ երկու: Եթե երկու, ապա դա նշանակում է, որ նրանք փաստացի «կիսում» են էլեկտորատը, ինչն էլ իր հերթին նշանակում է շանսերի էական նվազեցում: Այստեղ ամեն ինչ կմնա իշխանության խնամքին, թե ինչպիսի կանոնակարգ կսահմանվի Ընտրական նոր օրենսգրքով եւ կտրվի՞ անցողիկ ավելի ցածր շեմ: Եթե լինում է մեկ ցուցակ, ապա այստեղ խնդիրը պակաս բարդ չէ՝ ինչպե՞ս տեղավորվել այդ ցուցակում, եթե անցողիկ տեղերը լինելու են սահմանափակ: Մինչդեռ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն երկու ընդամենը հիմնական խմբերն են: Նախորդ իշխող համակարգը խաղում է մի քանի այլ խմբերով, եւ ամենեւին էլ ոչ պակաս մրցունակ խմբերով: Այդպիսով, խորհրդարանի արտահերթ ընտրությունը նախորդ իշխող համակարգի համար լինելու է ավելի շատ գլխացավանք, քան խորհրդարանում հայտնվելու հնարավորություն, գործնականում այդ «դիլեման» թողնելով նոր իշխանության խնամքին: Հայաստանում արտահերթ ընտրության հանգամանքն էլ թերեւս լինելու է իշխանության քաղաքական որոշման տիրույթում՝ գնա՞լ դրան, թե՞ ոչ: Այդ մեխանիզմը Նիկոլ Փաշինյանի համար կարող է լինել ներքին քաղաքական «պարպման» միջոց, եթե իհարկե ներքին վիճակի քաղաքական կառավարելիությունը առաջացնի էական խնդիրներ: Որովհետեւ առայժմ դրանք չկան, բայց կա մի քանի հարց, որը պարունակում է այդպիսի խնդրի գեներացիայի ներուժ: Փաշինյանի բարձր վարկանիշը նրան տալիս է այդ պայմաններում արտահերթ ընտրության քաղաքական տեխնոլոգիային դիմելու վստահություն: Բայց դա հավանական կլինի որպես զգալիորեն սահմանային բնույթ ունեցող իրավիճակի արձագանքի տարբերակ, երբ իշխանությունը կլինի այնպիսի իրավիճակի առաջ, որ լուծումը կպահանջի կամ ուժի խոշոր կիրառման, կամ հենց այդօրինակ քաղաքական որոշում: Այդ ամենով հանդերձ, արտահերթ ընտրության գաղափարն իհարկե Ռոբերտ Քոչարյանի համար ունի համակիրների մոտիվացման նշանակություն: Առավել եւս, որ նրա պաշտպանության հանձնախմբի ղեկավարը նախորդ տարեվերջին կամա թե ակամա խոստովանեց այդ խնդիրը, խոսելով Քոչարյանի գործի հանդեպ հետաքրքրության նվազման ռիսկի մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
29-01-2020 23:09