Արցախի գետերի արդեն 160 կմ-ից ավելին հոսում է խողովակներով

29-01-2020 23:13

2007-2008 թվականներին Արցախում սկսեց թափ առնել փոքր հէկերի շինարարությունը: Դա, իհարկե, էներգետիկ անվտանգության տեսակետից ողջունելի քայլ էր: Սակայն վերջին մի քանի տարիներին փոքր հէկաշինության ծավալները հասել են ահագնացող ծավալների: Թեև գոյություն ունեն շինարարական նորմեր, որոնք թույլ են տալիս խուսափել գետերի և դրանց շուրջ ձևավորված էկոհամակարգերի ոչնչացումից, սակայն արցախյան փոքր հէկերը կառուցվել են առանց դրանց հաշվի առնման և շատ գետերի դեպքում ջրօգտագործումը հասնում է 100%-ի: Արցախի գետերի արդեն 160 կմ-ից ավելին հոսում է խողովակներով: Արցախի կարևոր ջրային զարկերակներից Հակարին, Աղավնոն, Լևը ևն արդեն գրեթե ցամաքած են: Նույն ճակատագիրն է սպառնում նաև Տրտուին (Թարթառ): Քարվաճառի շրջանում հէկերի շինարարության դեմ բողոքներն սկսվել են մոտ մեկ տարի առաջ: Նոր Վերիշեն գյուղում բնակիչների մեծամասնությունը փորձել է հէկի կառուցումը կասեցնել ճանապարհ փակելու միջոցով, սակայն կազմակերպվածության պակասի պատճառով ցույցն արագ մարել է: Սույն թվականի հունվարի 21֊ին Քարվաճառ քաղաքի բնակիչ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հայտարարել է, որ ի նշան հէկերի կառուցման դեմ իր բողոքի հայտարարում է հացադուլ: Նա հայտարարել է, թե կդադարեցնի հացադուլը միայն, եթե դադարեցվի հէկերի շինարարությունը և ստեղծվի անաչառ մանագիտական հանձնաժողով՝ հէկերի ներկա աշխատանքներն ուսումնասիրելու համար: Դա ունեցել է կայծի էֆեկտ և հաջորդ օրը քաղաքի դպրոցականները հայտարարել են դասադուլ սկսելու մասին, սակայն Քանանյանի հորդորով հետաձգել են այն: Հունվարի 29-ից դպրոցականները հայտարարել են անժամկետ դասադուլ և փաստացի դասերին չեն հաճախում: Թեև Արցախի կառավարությունը համաձայնվել է դադարեցնել շինարարական աշխատանքները, սակայն շինարարական տեխնիկան չի լքել շինհրապարակը: Հարցը մնում է չլուծված: Առավել մանրամասն ինֆորմացիա կա Facebook-ի նշված խմբում․ https://www.facebook.com/groups/579487712632364/ Հրաչյա Մուրադյան

Lragir.am,
29-01-2020 23:13