Արամ Թանանյանը Վերին Լարսի անցակետում զբաղվելու է հայ գործարարների խնդիրներով

30-01-2020 13:44

Կառավարության այսօրվա նիստում Արամ Թանանյանը նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ: Կառավարության նիստից հետո Արամ Թանանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսի անցակետում զբաղվելու է հայ գործարարների խնդիրներով: «Հիմա մենք ծավալվում ենք նաև դեպի Հյուսիս, որովհետև Լարսով անցնում է հիմնական ճանապարհներից մեկը, որով սնվում է մեր երկիրը, մենք կապ ենք հաստատում ԵԱՏՄ տարածքի հետ»,- ասաց նա: Ըստ Թանանյանի՝ գործարարի՝ Լարսում ունեցած խնդիրները ներկայում լուծվում են հեռակա, իսկ իր նշանակմամբ արդեն հնարավոր կլինի քննարկել բոոր խնդիրներ առերես, փորձել դրանց տալ լուծումներ: «Ավելի արագ, օպերատիվ, հիմնավորված կինեն լուծումները, կունենանք արդեն դեմք Լարսում, ում հետ կարող ենք շփվել, ով կներկայացնի մեր երկիրը: Առաջին անելիքս լինելու է ուսումնասիրել իրավիճակը, հասկանալ ինչ իրավիճակ է ստեղծված: Եվ այդ խնդիրներից ելնելով՝ ինչ պետք է անել, որպեսզի իրավիճակը բարելավվի ու բարեփոխվի»,- ասաց նա: Արամ Թանանյանը նշեց, որ դեռ չի ուսումնասիրել, թե որն է Լարսի անցակետով անցնող հայ փոխադրողների հիմնական խնդիրը: «Ես նախկինում այցելել եմ Լարս, բայց ոչ բարեփոխելու տեսնակյունից, որովհետև դա մեր անցակետը չէ: Այս պարագայում արդեն իրավիճակը փոխված է, և մենք պետք է տեսնենք, թե ինչ իրավիճակ է ստեղծված, ինչով դա չի բավարարում, ապահովում մեր տնտեսական անվտանգությունը, ինչ պետք է անենք, և ըստ այդմ կմշակվի համապատասխան միջոցառումների ցանկ, կհաստատվի, այնուհետև ձեռնամուխ կլինենք հաստատմանը»,- ասաց Թանանյանը: Անդրադառնալով հարցին, որ գործարարները տարիներ շարունակ դժգոհել են անցակետի՝ ռուսական հատվածի աշխատանքներից, արհեստական ձգձգումների հարցն են բարձրացրել, ինչպե՞ս պետք է լուծվեն այս խնդիրները, նա պատասխանեց, որ դրանք սուբյեկտիվ կարծիքներ են, երբ այդ կարծիքները կուսումնասիրվեն, կձևավորվի օբյեկտիվ կարծիք, թե ինչ իրավիճակ է իրականում: «Այո, կմշակվեն համապատասխան միջոցառումներ՝ մեթոդական, կազմակերպչական և այլ բնույթի: Եվ դրանց իրականացման շնորհիվ կաշխատենք վերացնել ձեր ասած բոլոր թերացումները, խոչընդոտները»,- ասաց նա: Հարցին, թե քաղաքական խնդիր ու դիտավորություն չեն տեսնում այս աշխատանքում, նա պատասխանեց․ «Սկսել ինչ որ ոլորտում գործունեությունը՝ դիտավորություն փնտրելով, այնքան էլ արդյունավետ չէ: Պետք է անկողմնակալ լինել, պարզապես ուսումնասիրել ու հասկանալ: Հնարավոր է նաև լինեն դիտավորության էլեմենտներ ոմանց կողմից, որովհետև տնտեսվարողների հետ շփվում են տարբեր ատյաններ ու մարմններ»:

Lragir.am,
30-01-2020 13:44