Չենք ուզում կամ չենք գիտակցում, որ կարող ենք անել ավելին, քան այն, ինչ հիմա անում ենք

09-02-2020 20:07

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում: Մեր զրուցակիցն է «Megatoys» ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը: Հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Էմոցիոնալ պատասխանեմ, ինձ համար մայրենիք: Եվ ամենևին չեմ ուզում այս գաղափարի մեջ գտնել գենդերային կոնտեքստ, այն միայն արտահայտում է յուրաքանչյուրիս մոտեցումը, զգացողությունը, ընկալումը: Ինձ համար այն արտացոլում է մի կողմից ուժ, հենարան, արմատների և պատմության արտացոլանք, մյուս կողմից՝ շատ էմոցիոնալ կապվածություն, անպայման սեր և նվիրում: Բայց համենայնդեպս, եթե ընտրելու լինեմ ինչպես եմ այն զգում, հաստատ ավելի շատ մայրենիք: Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Ծնողներս բնիկ երևանցիներ են, պապիկներս արմատներով Արևմտյան Հայաստանից են, տատիկներս` Նախիջևանից և Երևանից: Շատ եմ կարևորում արմատները, նրանց ճանաչումը, այն փոխանցում է մեզ որոշակի գենետիկ կոդեր, սովորույթներ, որոնք ամբողջ կյանքում, ոմանց մոտ շատ կամ քիչ, բայց անդրադառնում են մեր ապրելակերպի և մտածելակերպի վրա: Ի դեպ, կարևորելով արմատների դերը և նշանակությունը՝ արդեն տևական ժամանակ փորձում ենք տոհմածառ ստեղծել, բայց ցավոք դեռ չի ստացվում այն ամբողջացնել, գնալով ինֆորմացիան ավելի է պակասում… Բայց դա իմ կարճաժամկետ նպատակներից մեկն է: Մի քանի նախադասությամբ կներկայացնե՞ք, ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, ինչպե՞ս է անցնում երիտասարդությունը: Եթե մի բառով փորձեմ նկարագրել, ապա միանշանակ կարող եմ ասել, որ մանկությունս եղել է իմ ամենաերջանիկ շրջաններից մեկը: Ապրել եմ ոչ մեծ ընտանիքում, ծնողներս, ես և եղբայրս: Անգնահատելի դերակատարում իմ դաստիարակության և կայացման մեջ միանշանակ ունեցել են իմ պապիկներն ու տատիկները, որոնց բարեբախտաբար կարողացել եմ վայելել մինչև նրանց խոր ծերություն: Եվ մանկության տարիները հիմնականում հիշում եմ հենց իրենց հետ անցկացրած պահերով, որտեղ բացահայտ չկար «ոչ» բառը, սակայն երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ իրականում այն իհարկե կար, բայց բացարձակ աննկատ և ճիշտ ձևակերպված: Շատ բան եմ սովորել իրենցից դաստիարակության «նուրբ արվեստի» հարցում: Պատանեկության տարիները իհարկե մի փոքր ավելի դժվար անցան, 90-ականների սթրեսսային, ինչպես հիմա կարող ենք այն գնահատել, բայց իրականում շատ մութ, բայց միաժամանակ շատ պայծառ, մտերմիկ և տաք տարիները: Համենայնդեպս այն ջերմությունը, որը հիշում եմ այն տարիներից, այն շփումները, ընկերների և բարեկամների հետ անցկացրած պարզ ու բարի ժամանակը, ցավոք, գնալով ավելի քիչ ենք կարողանում վայելել: Հետո եկան 2000-ականները, ուսանողական տարիներ, որոնք լի էին հույսերով, մեծ ստիմուլով և դեպի ապագան փայլուն ձգտումով: Շատ է տպավորվել, որ ուսանողական տարիների հենց սկզբից մեծ ցանկություն ունեի աշխատելու, ուզում էի մաքսիմալ արագացնել ինքնուրույն դառնալու էտապը: Հիշում եմ, որ այդքան էլ ողջունելի չէր տանը իմ մտահաղացումը, բայց ամեն դեպքում իմ ընտրությունը ընդունվեց, և հիմա իրոք հասկանում եմ, որ այդ դպրոցը, որն անցել եմ հենց պատանեկության տարիներից սկսած, իրականում մեծ և ամուր հիմք է դրել իմ մասնագիտական կայացման, առաջընթացի, պատասխանատվության զգացումի զարգացման վրա: Նույնը հիմա արդեն փորձում եմ սերմանել տղայիս մեջ, առավել ևս, որ այժմ ժամանակին համընթաց քայլելու փոխարեն վազել է պետք: Իրականում շատ կարոտով եմ հիշում այն ժամակաները և միանշանակ կարող եմ ասել, որ երջանիկ մանկությունը դա ամբողջ կյանքի որակի, ապրելակերպրի և որպես անհատի կայացման մեջ ամենաէական բազան է: Որո՞նք են կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք: Կարծում եմ, դասեր քաղելը դա կյանքի իմաստներից մեկն է: Եվ այն չունի սկիզբ և վերջ, դա անընդհատ գործընթաց է, և կարևորագույն բաղադրիչներից է այդ պրոցեսում լինել կայուն, հաստատակամ, չընկճվող: Ինձ համար մինչ այժմ երևի ամենաէական դասերից են եղել՝ միշտ հենվել սեփական ուժերի վրա, ոչ մեկից ոչինչ չակնկալել, և միևնույն ժամական լինել շնորհակալ և գնահատել այն, ինչ ունեմ այսօր, և կյանքիս այս էտապում սա է իմ բանաձևը: Իմ կարծիքով՝ շնորհակալ լինելու և գնահատելու կարողությունը, սկսած ամենագլոբալ դրսևորումներից մինչև մանր կենցաղային խնդիրներ, առհասարակ մարդկության ամենաուժեղ կողմերից մեկը կարող է լինել: Եթե անդրադառնանք Հայաստանում կրթության ոլորտի խնդիրներին, որո՞նք են դրանք, ինչպե՞ս լուծել: Իրականում, չունենալով արտերկում կամ ոչ հայկական կրթական հաստատությունում կրթություն ստանալու փորձ, մի փոքր դժվար է օբյեկտիվ պատասխանել այս հարցին: Սակայն, ունենալով շատ շփումներ և կարծիքներ հենց տվյալ խմբի հետ, միանշանակ կարող եմ ասել, որ մեր ուսումնական համակարգը հիմնված է տեսական գիտելիքների, այլ ոչ թե ավելի պրակտիկ, կամ սեփական մտածողությունը զարգացնելու հմտությունների վրա: Այն գիտելիքները, որոնք մենք ստանում ենք մեր կրթական ծրագրով և մոտեցմամբ, շատ դեպքերում կիրառելի չեն պրակտիկ աշխատանքի մեջ, և հենց դա է պատճառը, որ նորավարտ ուսանողը շատ դժվար է մասնագիտական աշխատանք գտնում, քանի որ գործատուն մասնագիտական ոլորտում կարևորում է փորձը և պրակտիկ գիտելիքները: Եվ ամենակարևորը, անհրաժեշտ է տալ հնարավորություն ինքնադրսևորվելու, սեփական մտածողությունը զարգացնելու, և ամեն ինչի մեջ սեփական կարողությունները և հետաքրքրությունները բացահայտելու համար: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն: Հայ ժողովրդի ամբողջ ոչ հեշտ պատմությունը երևի թե սովորեցրել է մեզ լինել խիզախ, պայքարող, տոկուն, չհանդուրժող բացասական դրսևորումները և երևույթները: Այս ամենի հետ նաև ըստ անհրաժեշտության ունենք միասնականացման անգնահատելի հատկություն: Ունենալով մեծ պոտենցիալ, ինչն ապացուցում է հայ տաղանդների համաշխարհային  ներկայությունը գրեթե բոլոր բնագավառներում, ինչպես նաև միասնականացման նման հնարավորություն, չենք ուզում կամ չենք գիտակցում, որ կարող ենք անել ավելին, քան այն, ինչ հիմա անում ենք: Ասում են՝ առողջացման համար պետք է նախ իմանալ ախտորոշումը: Ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»: Չեմ հիշում՝ ում խոսքերն են, բայց հայտնի գրողներից մեկը ասել էր, “Чтоб найти верную дорогу, сначала нужно заблудиться”: Կարծում եմ, կարող ենք դիագնոզը անվանել «մոլորություն», բայց ճիշտ բուժման ուղի գտնելու ակնկալիքով: Որոնք են մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, ինչպե՞ս լուծել դրանք: Եթե չանդրադառնանք Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման լրջագույն խնդրին, ապա միանշանակ թիվ մեկ խնդիրը, և հատկապես Հայաստանի համար, կարող եմ նշել էկոլոգիական խնդիրները: Ագրեսիվ և երիտասարդացած ծանր հիվանդությունների առկայությունը մեր հասարակության տարբեր շերտերում, ինչպես նաև քաղաքի աղտոտվածության բարձր ցուցանիշները վկայում են, որ իրավիճակը լուրջ է: Կարևոր խնդիր եմ համարում  նաև «ուղեղների արտահոսքը»՝ իրենց համապատասխան տեղը չգտնելու հետևանքով: «Ինչ անել» հարցին կդժվարանամ պատասխանել, դրա համար կան համապատասխան ինստիտուտներ: Իսկ անհատնե՞ր, թե ինստիտուտներ, որը զարգացնել: Ինստիտուտներ: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ կայուն զարգացած ինստիտուցիոնալ համակարգերում անհատների դրսևորումը և կատարելագործումը շատ ավելի արագ և դյուրին է ընթանում, քան ոչ կայուն կամ նոր զարգացող ինստիտուտներում: Իհարկե, չեմ ուզում թերագնահատել անհատների դերը ինստիտուցիոնալ համակարգում, միանշանակ առանց պայծառ անհատների դժվար է պատկերացնել զարգացած ինստիտուցիոնալ համակարգ, բայց ինձ համար ավելի գլոբալ միավոր է կայացած ինստիտուտը: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ: Մեր իրականության մեջ շատ է կարևորվում հենց «պարտավորություն հաջորդ սերնդի առաջ» գաղափարը և մոտեցումը: Շատ հաճախ կարելի է հանդիպել իրավիճակ, երբ ծնողներն են որոշում երեխան ինչ մասնագիտություն ընտրի, ում հետ շփվի, ինչ անի կամ ասի և այլն: Կարծում եմ դա ամենասխալ մոտեցումներից է, որի հետևանքով կարող ենք տեսնել ավելի անօգնական, ոչ ինքնուրույն և սահմանափակ աշխարհայացքով սերունդ: Ժամանակակից երիտասարդները հաճախ ըմբոստանում են, քանի որ ժամանակը իրենն է թելադրում, և արդյունքում առաջանում է առողջ մտածելակերպով, արարող, ստեղծող ինքնավստահ սերունդ, որը և ապահովելու է հետագա առաջընթացը: Ասածիս լայն իմաստով, հաջորդ սերունդներին պետք է տալ ուղղակի ինքնադրսևորվելու հնարավորություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և աշխարհայացք ձևավորելու ունակություն: Դա է իմ կարծիքով  ապագա  սերնդի կայացման և զարգացման, ու համաշխարհային իրողություններին համահունչ քայլելու գրավականը: Այդ ամենին զուգահեռ, իհարկե, դաստիարակության և անհատների կայացման հարցում անչափ կարևորում եմ նաև ընտանիքի դերը: Իմ սիրած հոգեբաններից Միխաիլ Լաբկովսկին ասել է․ «Այն, ինչ դուք այսօր ասում էք ձեր երեխաներին, երբ իրենք դեռ փոքր են, այն է ինչ իրենց գլուխներում հնչելու է, երբ իրենք մեծանան»: Ի՞նչ եք անում դուք՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար: Ամենակարևորը, ես ամեն օր փորձում եմ մաքսիմալ լավ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, լինելով օպտիմիստ, փորձում եմ նաև այդ օպտիմիզմը և դրական էմոցիաները հաղորդել շրջապատին: Նվիրումով աշխատելը թերևս յուրաքանչյուրիս պարտավորությունն է՝ երկիրը ավելի լավը դարձնելու համար: Եվ, իհարկե, որպես մայր, իմ հիմնական առաքելությունն եմ համարում դաստիարակել ազնիվ, խելացի, բարի, հայրենասեր և հասարակությանը պիտանի մարդ: Անհամեստ չհնչի, բայց տղաս 14 տարեկան է, և արդեն իսկ տեսնում եմ իմ ջանքերի որոշակի արդյունքը: Իրականում սարեր շուռ տալ չեմ կարող, սակայն համոզված եմ, որ յուրաքանչյուրս ունի իր առաքելությունն այս կյանքում, ուղղակի պետք է գտնել այն և առաջ շարժվել՝ այն ճիշտ իրագործելով: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ներկայում ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը: Երբեք չեմ սիրել հետ նայել, համեմատել կամ ափսոսանք զգալ ինչ-որ ժամանակաշրջանի կամ երևույթի հանդեպ, նույնիսկ երբ խոսքը գնում է նման պայծառ պատմական ժամանակաշրջանի մասին: Անշուշտ, դա մի էջ էր, որը պարծանք է ամբողջ ազգի համար, սակայն ժամանակները փոխվում են, հասարակությունը զարգանում է, և այսօր մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որտեղ խոսվում և քննարկվում է արհեստական բանականության հարցը, առանց վարորդների մեքենաների երթևեկելու հարցը և այլն: Այսինքն, տեխնոլոգիական այս առաջընթացի դարաշրջանում մենք միանշանակ ունենք բոլոր այն նախադրյալները, որ համաշխարհային մակարդակով մեր ուրույն տեղը զբաղեցնենք այդ գլոբալ գործընթացի մեջ:  «Գալաքսի» ընկերության կողմից IT պարկի ստեղծման և կառուցման կոնցեպտը ևս մեկ օրինակ է, որը Հայաստանն անհամեմատ առաջ կմղի ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Ամփոփելով՝ ասեմ հետևյալը՝ կարծում եմ ինֆորմացիոն տեխնոլոգիաների որոլտի զարգացումը միանշանակ առաջընթացի կոնցեպտ կարող է լինել: Ի՞նչ պետք է լսեն կամ դիտեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո: Կառաջարկեի լսել ամերիկացի գրող, դասախոս, ինքնազարգացման պրոպոգանդիստ Ուեյն Դայերի – 5 Lessons to Live by Dr. Wayne Dyer. Ինձ համար թերևս ամենաոգեշնչող հեղինակներից մեկը: Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում:

Lragir.am,
09-02-2020 20:07