Ղազախստանի հետ առայժմ չի հաջողվում պայմանավորվել մեքենաների հարցով. Դավիթ Անանյան

13-02-2020 13:15

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավտոմեքենա ներկրողների դժգոհություններին: Նա նշեց՝ հայկական կողմը մտադիր է դիմել ԵՏՄ-ին՝ սահմանը չհատած մեքենաների համար արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը երկարաձգելու հարցով: «Եթե մենք մուտք ենք գործել ԵՏՄ և հինգ տարվա բացառություն ենք վերցրել, հինգ տարի օգտագործել ենք ներպետական օրենսդրությունը ոչ միայն մեքենաների, այլ 700 ներկրվող ապրանքատեսակների նկատմամբ: Եթե դուք մտածում եք, որ մենք ամեն տարի պետք է ասենք՝ ժողովուրդ, հիշեք, որ հինգ տարին դարձել է չորս տարի, երեք տարի, երկու տարի և այդպես շարունակ․․․ Ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար չափով նախազգուշացրել է: Եվ հատկապես 2019 թավականին նախապես զգուշացրել է՝ այնպես պլանավորեք ձեր լոգիստիկան, բեռնափոխադրումները, որ կարողանաք բերել, հասցնել: Եթե դուք կարծում եք, որ պետությունն անընդհատ պետք է ներպետական ինչ-որ միջոցառումներ անի, պետությունն այդպես չի կայանում, պետության հետ մի քիչ ավելի լուրջ պետք է վերաբերվել»,- ասաց Անանայանը: Նա նշեց, որ 189 հազար մեքենա է 2019 թվականին ներմուծվել Հայաստան: Անդրադառնալով ղազախական կողմի հետ ծագած խնդիրներին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ նրանց հետ քննարկումներ են եղել հունվարի վերջին, Ղազախստանում: Քննարկումների առաջին փուլում ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել: «Ղազախական կողմն ունի իր պահանջները հայկական կողմին: Նրանք շատ բան ուզում են ԵՏՄ հարթակում կարգավորել, ինչը այդքան էլ ընդունելի չէ մեզ համար: Հետևաբար, առաջին փուլը չի ստացվել, երկրորդ փուլը որպեսզի ստացվի, մենք պետք է իդենտիֆիկացնենք, թե քանի մեքենա ունենք, որ դեռևս պետք է գան Հայաստան, որովհետև կան մեքենաներ, որոնք դեռևս չեն հատել ՀՀ սահմանը: Եվ մեր քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Մենք ավելի շատ այդ մեքենաների մասին ենք մտածում, որ երկրորդ անգամ փորձ կատարենք ԵՏՄ հարթակում խնդիրը քննարկելու»,- նշեց նա: Անանյանը հավելեց, որ կարող են ԵՏՄ գործընկերներին խնդրել, որ կոնսենսուսով հետաձգվի նոր մաքսատուրքերի կիրառումը այն մեքենաների համար, որոնք մնացել են Վրաստանում, մարդիկ, չեն կարողանում բերել: «Մենք դա փորձելու ենք իրականացնել, բայց դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ, չենք կարող ասել որովհետև հինգ երկրի փոխվարչապետեր են նստում ու որոշում: Ամեն երկիր կարող է ունենալ իր մտահոգությունները, և Ղազախստանն ամենամեծ մտահոգություն հայտնող երկիրն է»,- ընդգծեց նա:

Lragir.am,
13-02-2020 13:15