Արմավիրի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

13-02-2020 16:24

«Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է՝ հանրային անվտանգության ապահովման նպատակով, հայտնում է Ոստիկանությունը: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն իրականացրին Արմավիրի մարզում: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք: Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ: Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ: Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է: Այս համատեքստում քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության:

Lragir.am,
13-02-2020 16:24