Royal Bank of Scotland-ը 300 տարվա ընթացքում առաջին անգամ կփոխի անվանումը

14-02-2020 14:38

Royal Bank of Scotland Group Plc-ը (RBS) 2020 թվականին կվերանվանվի NatWest Group Plc: Այդ մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը: Royal Bank of Scotland-ը հիմնվել է 1727 թվականին եւ անվանումը չի փոխել գրեթե 300 տարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: RBS-ի գլխավոր տնօրեն Էլիսոն Ռոուզը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2019 թվականի նոյեմբերին, հայտարարել է ծախսերի հետագա կրճատումների մասին: Ռուզը դարձել է առաջին կինը, որ գլխավորել է խոշոր բրիտանական բանկը: 2018 թվականին Մեծ Բրիտանիայում ֆինանսական եւ մանրածախ բանկային գործառնությունների միջեւ սահմանազատման վերաբերյալ նոր օրենքին համապատասխան, RBS-ը ներդրումային բանկինգն առանձնացրել է որպես առանձին իրավաբանական անձ, որն ստացել է NatWest Markets Plc անվանումը: RBS-ն ազգայնացվել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո: Հարկատուների միջոցներից բանկին տրամադրված ֆինանսական օգնությունը կազմել է 45,5 մլրդ ֆունտ՝ նրա բաժնետոմսերի 81 տոկոսի դիմաց: Դրա հետ մեկտեղ կառավարությունն աստիճանաբար կրճատել է իր բաժինը բանկում՝ վաճառելով նրա բաժնետոմսերը (վերջին անգամ դա արվել Է 2018 թվականի կեսերին): 2019 թվականի չորրորդ եռամսյակում RBS-ի զուտ շահույթը կազմել է 1,41 մլրդ ֆունտ ստեռլինգ՝ մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի 286 մլն ֆունտի դիմաց: Այդ մասին բանկը հայտնել է փետրվարի 14-ին:

Lragir.am,
14-02-2020 14:38