New York Times-ին հայտնի է դարձել Իրանի եւ ԱՄԷ-ի գաղտնի բանակցությունների մասին

14-02-2020 14:59

2019 թվականի սեպտեմբերի վերջին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իրանի ներկայացուցիչներն Աբու Դաբիում գաղտնի բանակցություներ են վարել, որոնց նպատակը եղել է տարածաշրջանի իրադրության կայունացումը: Այդ մասին գրել է ամերիկյան The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների իշխանությունների՝ անունները չհայտնած ներկայացուցիչների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հրատարակությունը հիշեցնում է, որ իրադարձությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության իննամսյա աճի թեժ պահին, որն սկսվեց Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների սաստկացումից եւ «հասավ գագաթնակետին, երբ երկու երկրներն ուղղակի ռազմական առճակատման գնացին էլ ավելի ընդգրկուն եւ արյունալի բախման շեմին»: Իր հերթին, նշում է NYT-ն, ԱՄԷ-ն գաղտնի բանակցություններ է սկսել Իրանի հետ, երբ Աբու Դաբին որոշել է, որ կարող է բացառիկ դեր խաղալ տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ըստ որում իրանական կողմի հետ անմիջական բանակցությունները դարձել են Էմիրությունների ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության բաղկացուցիչ մասը:

Lragir.am,
14-02-2020 14:59