Մաքսային ծառայությունը «Շիրակ» օդանավակայանում 24-ի փոխարեն անցել է 8- ժամյա գրաֆիկի

14-02-2020 15:22

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում 24-ժամյա ծառայության գրաֆիկից անցել է 8-ժամյա գրաֆիկի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ ներկայացնելով 2019-ին կատարված օպտիմալացումներ: «2019-ի սկզբին կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ողջ համակարգում: Նախկինում գոյություն ունեցող 1-2-հոգիանոց բոլոր բաժինները վերացվել են: Օրինակ՝  «Շիրակ» օդանավակայանը սպասարկում է մեկ չվերթ: Այդ մեկ չվերթը սպասարկելու համար մաքսային մարմիններն իրականացնում էին 24-ժամյա ծառայություն՝ 4 հերթափոխով: Չվերթը սպասարկելու համար օդանավակայանում լինում էր 5 հոգի: Մենք վերացրեցինք 24-ժամյա ծառայությունը, հիմա 8-ժամյա գրաֆիկի ենք անցել օդանավակայանում, որտեղ ունենք 6 աշխատող և 1 ղեկավար»,-ասաց Ներսիսյանն ու նկատեց, որ և՛ ռեսուրս են խնայել, և՛ խելացի են կազմակերպել գործը: Նա վստահեցրեց, որ երբ օդանավակայանում չվերթներն ավելանան, աշխատանքները կհարմարեցնեն դրան: Ներսիսյանը հիշեցրեց, որ վերջին 1 տարվա ընթացքում մաքսային մարմիններն արդեն 3 անգամ կազմակերպել են թափուր հաստիքների համալրման մրցույթներ: Նրա խոսքով՝ նախկինում լավագույն դեպքում մի քանի հաստիքի համար տարեկան մեկ մրցույթ է հայտարարվել, իսկ 2015-ին ընդհանրապես մրցույթ չի հայտարարվել: Ներկայում ընդմիջումների ժամերին մաքսային մարմինները շարունակում են սպասարկել քաղաքացիներին:

Lragir.am,
14-02-2020 15:22