Ինչպես է կարգավորվելու Ղազախստան տարված ավտոմեքենաների հարցը

14-02-2020 16:00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը վստահ է՝ Հայաստանում գնված և Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների հարցում հայկական կողմից որևէ խախտում չի իրականացվել: Ղազախները հայկական պետհամարանիշներով այդ մեքենաներն իրենց երկրում վերավաճառելու համար ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան ու այն հանել հայկական հաշվառումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ներսիսյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Հայաստանին տրվել էր սոցիալական հարց լուծելու համար արտոնություն և այն ոչ մի կերպ պետք չէ օգտագործել բիզնես նպատակներով: Ղազախստանը դժգոհություն էր հայտնել, որ իրենց քաղաքացիները՝ նաև ՀՀ քաղաքացիների օգնությամբ, փորձել են օգտվել Հայաստանի արտոնությունից և ավտոմեքենաներն արտոնությամբ ներմուծել Ղազախստան: Ղազախստանը որոշ սահմանափակումներ կամ արդեն մտցրել է, կամ փորձում է մտցնել՝ այդ ավտոմեքենաների մուտքը Ղազախստան արգելելու համար: «Հայաստանն այս պահին մեծ խնդիր չունի: Մենք, ոստիկանությունը Ղազախստանի կոլեգաների այցի ընթացքում ամբողջ տեղեկությունը տրամադրել ենք: Այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակում: Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց Ներսիսյանը: Ղազախներն այս ավտոմեքենաները տարել են Ղազախստան հայկական գրանցումով: Այնտեղ վերավաճառելու համար այդ ավտոմեքենաները Հայաստանի գրանցումից պետք է դուրս գան: «Եթե ցանկանան դրանք վերավաճառել, պետք է վերադառնան Հայաստան, եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, ապա դա կատարելուց հետո միայն այդ ավտոմեքենաները այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան այնտեղ վերահաշվառել»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա նկատեց՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում տեղաշարժը եվրասիական տնտեսական միության տարածքում ազատ է: Ներսիսյանի համոզմամբ՝ ղազախներին մեքենա վաճառած հայերը որևէ խախտում թույլ չեն տվել և որևէ խնդիր չպետք ունենան: Ըստ էության ՀՀ քաղաքացուց մեքենա է գնել արտասահմանցի, որը Հայաստանում գրանցում է ստացել, այսինքն՝ իրավունք ունի Հայաստանում ավտոմեքենա հաշվառելու: Թե որքան ավտոմեքենա է Հայաստանից գնացել Ղազախստան, հստակ թվերով նշել հնարավոր չէ: Ներսիսյանը, սակայն, նշեց, որ ոստիկանության հետ խոսակցության ընթացում հասկացել են, որ մոտ 20 հազար ավտոմեքենա է գրանցված եղել ղազախի անունով:

Lragir.am,
14-02-2020 16:00