Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը Թերլեմեզյանի Անվան Գեղարվեստի Պետական Քոլեջի հետ համատեղ անցկացրեցին մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված դոնորագրում

14-02-2020 16:12

Քաղցկեղն այլևս դատավճիռ չէ: Տարեցտարի աճում է մահաբեր հիվանդության ճիրաններից փրկված մարդկանց թիվը: Փետրվարի 15-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Մանկական չարորակ հիվանդությունների մեջ ստվար խումբ են կազմում արյան հիվանդությունները, որոնց համար որպես բուժման մեթոդ կիրառվում է ոսկրածուծի փոխպատվաստումը: Ոսկրածուծի Դոնորների Հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը և հիմնադրամի բազմամյա գործընկեր Թերլեմեզյանի Անվան Գեղարվեստի Պետական Քոլեջը համատեղ միջոցառում-դոնորահավաք անցկացրեցին՝ նվիրված օրվա խորհրդին: ՈԴՀՌ-ի կամավոր դոնորների շարքերը համալրեցին մոտ 70 երիտասարդ արվեստագետներ՝ արտահայտելով իրենց պատրաստակամությունը՝ սատար կանգնելու փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին: Այսպիսի միջոցառումները կարևոր են երիտասարդների շրջանում տեղեկացվածության բարձրացման հարցում: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5980 հիվանդի հետ նախնական համընկնող 5232 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները: Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Lragir.am,
14-02-2020 16:12