Երկիրը փոխելու համար պետք չէ լինել վարչապետ կամ նախագահ, բավական է, որ ամեն մարդ լինի իր տեղում և լավ անի իր գործը

15-02-2020 20:34

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Հռիփսիմե Հովհաննիսյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում: Մեր զրուցակիցն է Skill.am-ի հիմնադիր, Telcell  ընկերության թվային բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Ուսնունցը: Սերգեյ, հայրենի՞ք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես արդեն որևէ տեղ լսել եմ այս հարցը: Կարծում եմ՝ կարևորը ոչ թե այս խոսքերի արմատն է, այլ այն իմաստը, որը դնում ենք դրանում: Որտեղի՞ց եք սերում  արմատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Իմ հոր շնորհիվ ես գիտեմ արմատներիս մասին: Հայրս այն մարդն է, ով ուսումնասիրում է իր արմատները, և այսօր ես կարող եմ ասել, որ նրա շնորհիվ գիտեմ իմ նախնիներին՝ սկսած 1747 թվականից՝ անուն առ անուն, գիտեմ, թե որտեղ են գտնվում նրանց գերեզմանները: Ես շնորհակալ եմ հորս, որ այս ամենի մասին գիտի նաև իմ 13-ամյա որդին: Մեր պատմության ողբերգական էջերի հետևանքով այսօր շատերը չեն կարողանում գտնել և ճանաչել իրենց արմատները: Դա կարևոր է անցյալի հետ կապը չկորցնելու համար, քանի որ երբ, օրինակ, դու քայլում ես նույն Իտալիայում, ուզես թե չուզես այդ կապը քեզ շրջապատում է. այնտեղ ամեն տուն, շենք հիշեցնում է քեզ այդ մասին: Պատմությունից հասկանալի պատճառներով մենք դա կորցրել ենք և պետք է այս ամենը լրացնելու ուրիշ ուղիներ գտնենք: Կներկայացնե՞ք ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը,  երիտասարդությունը: Ծնվել եմ Խորհրդային միությունում՝ սովորական ընտանիքում, մայրս ուսուցչուհի էր, հայրս այդ ժամանակ աշխատում էր գործարանում: Պապիկս մի կողմից աշխատում էր Սովխոզում, մյուս կողմից կուսակցական պաշտոնյա էր: Ես տեսել եմ և աշխատավոր մարդու, և մտավորականի կյանքը և չեմ ասի, որ նրանց կենսակերպը արմատապես տարբերվում էր: Սակայն ինձ բախտ վիճակվեց հայտնվել արտերկրում, ինչը մեծապես ազդել է բնավորությանս ձևավորման վրա: Եվ այդ փաստը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմ մանկությունը ինչ-որ չափով տարբերվել է միջին վիճակագրական պիոների մանկությունից: Սովորել եմ Ուկրաինայում: Պատանեկությունս ու երիտասարդությունս անցել են այնտեղ, հետո ամուսնացել եմ և վերադարձել Հայաստան, որտեղ էլ սկսել եմ ստեղծել իմ կարիերան: Եվ, ահա, նստած եմ Ձեր առջև: Ո՞րն է ձեր կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք: Միգուցե  պատասխանս շատ ակնհայտ թվա, սակայն ես դրա մեջ առանձնահատուկ իմաստ եմ տեսնում: Կարևոր դասը, որ քաղել եմ կյանքից՝ մարդ պետք է միշտ սովորի, զարգանա և աշխատի իր վրա: Սովորել ասելով՝ նկատի չունեմ այդ բառի դասական իմաստը: Սովորել ամեն ինչ՝ լինել որդի, հայր, ամուսին, թոռնիկ, գործընկեր, ղեկավար, ենթակա, ընկեր, հարևան, ծանոթ, քաղաքացի: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն: Ըստ իս՝ հայ հասարակությունը՝ որպես հավաքական միավոր, մարդ է, ով իր հայացքով և մտքերով նայում է դեպի անցյալ: Դա արտացոլված է թե կորպորատիվ, թե քաղաքական մշակույթներում: Կազմակերպություններում ղեկավարներն ու մենեջերները ավելի շատ կենտրոնացած են նրա վրա, թե ինչո՞ւ են որոշ բաներ անցյալում արվել այդկերպ, ոչ թե նրա վրա, թե ինչպես ապագայում դրանք անել ուրիշ ձև: Խորհրդային ժամանակաշրջանում ևս մեղադրում էինք անցյալը, հետխորհրդային իշխանությունը մեղադրում էր խորհրդային իշխանությանը, իբր թե կազատվենք դրանից, հայ ժողովուրդը կապրի ուրախ ու երջանիկ, և այսպես շարունակ: Հիմա եկել են նորերը, մենք հույս ունեինք, որ այդ ամենը կավարտվի, բայց, ցավոք, նորից ու նորից մեր առջև նույն պատկերն է: Ի՞նչ եք խորհուրդ տալիս, ավելի շատ պետք է առա՞ջ նայել՝ զարգացման հասնելու համար: Ես շատ ուսուցիչներ ունեմ: Փորձում եմ սովորել բոլոր նրանցից, ում հետ առիթ է ընձեռնվել շփվելու: Միշտ պետք է այս հարցը տալ. իսկ դա մեզ կօգնի՞: Եթե մենք քննադատենք նախորդ իշխանությանը, դա մեզ կօգնի՞: Քննադատեցինք, և հետո ի՞նչ: Դրա վրա էներգիա կվատնենք, իսկ դա մեզ կօգնի՞: Նույն պատկերը կազմակերպություններում է: Հաջողակ կազմակերպությունները մտածում են ապագայի մասին, տեսնում այն, անում են այնպիսի բաներ, որոնք հաջողություն կբերեն ապագայում: Ինձ առիթ է ընձեռնվել ղեկավարել մի շարք ընկերություններ: Եթե ես եկել եմ նոր ընկերություն, օրինակ, որպես գործառնական տնօրեն, սեփականատերը ինձ աշխատավարձ է վճարում ընկերությանը ապագայում հաջողություն բերելու համար: Սակայն, եթե ես իմ ուժն ու ժամանակը ծախսեմ հիմնավորելու անցյալի սխալները, սեփականատերը դրանից իրեն ավելի լավ չի զգա: Կոպիտ ասած, ես վարձատրվում եմ ոչ թե անցյալը փորփրելու, այլ ապագայում արդյունք բերելու համար: Սա իմ բանաձևն է: Երջանկությունն ու հաջողությունը պատկանում են ապագային, իսկ անցյալին պատկանում են այն բաները, որոնցից անհրաժեշտ է եզրահանգումներ անել: Աշխատել լուռ, գիտակից և մեծաթիվ տվյալների հետ, լինել անկողմնակալ, հակառակ դեպքում կարող ենք վնաս հասցնել մեր ապագային: Եթե խոսենք կրթության խնդիրներից Հայաստանում և արտերկրում, որո՞նք են դրանք, տարբերությունները, ի՞նչ խնդիրներ ունի մեր կրթական համակարգը և ինչպե՞ս լուծել դրանք: Կրթական համակարգի խնդիրներից չեն խոսել միայն ամենաալարկոտները: Կրթության վրա միշտ կարելի է քար նետել և միավոր հավաքել դրա հաշվին: Պատմականորեն մարդիկ իրենց և իրենց երեխաների ապագան մեծապես կապում են կրթության հետ, այն նմանեցնում սրբության, որին կարելի է աստվածացնել կամ մատնացույց անել: Ըստ իս՝ կրթության հիմնական առաքելությունն է ձևավորել հասարակություն, որի անդամները մոտիվացված են, էներգիայով լի, ունեն տեսլական, վստահ են իրենց ապագայի հանդեպ, պատրաստ են նվաճել աշխարհը: Ցավոք, այսօր դպրոցը ավելի շատ «պահման խցիկի» դեր է կատարում՝ լինելով ամենահուսալի վայրը, ուր կարելի երկար ժամանակով ուղարկել մեր երեխաներին: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթական համակարգին, ապա այն այսօր մեծամասամբ կնքում է մասնագետներ, ովքեր ապագայում լինելու են գործազուրկ: Այստեղ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ համակարգերը ներդնելու համար լուրջ բարեփոխումնե՞ր են պետք: Շատ բարդ հարց է: Այդ ամենը փոխելը թանկ է: Եթե վերցնենք երկրի մակարդակով, անհրաժեշտ է գտնել որոշակի մոդել, որակավորված մասնագետներ, երկարաժամկետ վստահել և չխանգարել այդ մարդկանց գործել: Պետք է հասկանանք, որ գոյություն չունի անվճար և որակյալ կրթություն: Լինելու է կրթություն պարզապես նրա համար, որ մարդիկ լինեն գրագետ, և որակյալ կրթություն, որը կապահովի ավելի բարձր մակարդակի մրցունակություն: Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ ո՞րն է հայ հասարակության «դիագնոզը»: Հետ վերադառնանք այն հարցին, որը կապված էր հայ հասարակության հավաքական կերպարի հետ: Իմ «դիագնոզն» է՝ մարդ, ով իր հայացքով և մտքերով նայում է դեպի անցյալ: Միայն այն թմրամոլները հնարավորություն ունեն բուժվելու, ովքեր ընդունում են, որ իրենք թմրամոլ են: Բուժման առաջին փուլը «դիագնոզն» ընդունելն է: Եթե որպես հասարակություն կարողանայինք ընդունել այն, ապա այդ ժամանակից շատ արագ կսկսվեր մեր առողջացումը: Որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ պետք է անել դրանց լուծման համար և ինչպե՞ս անել: Սկզբունքորեն մենք անցանք օրակարգային բոլոր հարցերով: Իսկապես ունենք որոշակի, օբյեկտիվ օրակարգ՝ անվտանգություն, կրթություն, ռազմավարություն: Սրանք այն 3 հիմնական հարցերն են, ինչը մշտապես պետք է լուծել: Երկիրը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սահմանային հարցերը, պետք է ապահովի անվտանգություն, այն դեպքում, որ դա ևս արվում է կրթության միջոցով: Դա թույլ կտա մեզ ձևավորել մարդկանց, ովքեր ապագայում կլինեն երջանիկ, դրա հետ մեկտեղ սովորեցնել նրանց լինել նախաձեռնող, քանի որ այսօր շատերը ձգտում են աշխատել կորպորացիաներում և շատ քիչ թվով մարդիկ են զբաղվում բիզնեսով: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա ռազմավարություն. ինչի՞, ո՞ւմ համար է այդ ընկերությունը, ինչ են ուզում ապագայում: Անհրաժեշտ է, որ լինի օրակարգ: Օրինակ՝ ես պետք է իմ երեխաներին բացատրեմ՝ ովքեր ենք մենք՝ հայերս, որն է աշխարհում մեր առաքելությունը, որովհետև ներկայիս երեխաները այլ կերպ են ապրում, նրանց համար աշխարհը բաց է: Այն, ինչ առավելագույնը մենք անում էինք մանուկ ժամանակ, կողքի բակ գնալն էր, անգամ քաղաքի մյուս ծայր չէինք գնում: Այսօր երեկոյան, երբ մեր երեխաները նստում են խաղալու, նրանք խաղում են ամբողջ աշխարհի երեխաների հետ, նրանց օրակարգը համաշխարհային է: Շատ կարևոր է գիտակցել՝ ով ես դու, որտեղից, բայց ապագան ևս շատ կարևոր է, և մենք պետք է ունենանք ռազմավարություն, թե ինչ կարող ենք տալ աշխարհին ՄԵՆՔ, ոչ թե մեր նախնիները: Անհատներ, թե ինստիտուտներ, որը զարգացնել: Մեզ անհրաժեշտ է զարգացնել թե մեկը և թե մյուսը: Թույլ տվեք բացատրել ֆուտբոլի օրինակով. կա գերմանական և բրազիլական ֆուտբոլ: Բրազիլական ֆուտբոլում կան անհատներ, ովքեր ֆանտաստիկ են խաղում, սակայն փորձը ցույց է տալիս, որ հաճախ հաղթում է գերմանական ֆուտբոլը: Համակարգը միշտ կարող է հաղթել անհատին, այն դեպքում, երբ անհատներն են ստեղծում լավ համակարգեր: Ահա թե ինչի համար եմ կարևորում թե մեկը և թե մյուսը: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ: Մենք պետք է կառուցենք այնպիսի երկիր, որում կերազեն ապրել մեր երեխաները, անգամ այն դեպքում, երբ նրանք ունենան հնարավորություն այստեղ չապրելու: Ի՞նչ եք անում դուք ամեն օր՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Այս հարցն իմ ամենասիրելին է, քանի որ ես նրան պատասխանում եմ ամեն օր և միտտ, երբ շփվում եմ իմ գործընկերների, թիմի, աշխատակիցների և ընկերների հետ: Երկիրը փոխելու համար պետք չէ լինել վարչապետ կամ նախագահ, բավական է, որ ամեն մարդ լինի իր տեղում և լավ անի իր գործը: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի  ձեր կոնցեպտը: Սա ինձ համար ամենահասկանալի հարցն է: Բացատրեմ՝ ինչու: Հայերս ունենք փոքր մարդու բարդույթ: Մենք սիրում ենք գնել շատ մեծ մեքենաներ, այն դեպքում, երբ մեր քաղաքը փոքր է: Բոլորը ճանաչում են Տիգրան Մեծին, գիտեն «Ծովից ծով Հայաստան» բառակապակցությունը, սակայն եթե կագնեցնենք 100 մարդու և հարցնենք, թե ուրիշ ինչ գիտեն նրանք Տիգրան Մեծի մասին, 70%-ը ոչինչ չի կարող ասել: Այն, ինչը մենք կարևորում ենք այս պարագայում չափն է՝ «Ծովից ծով Հայաստան»: Սակայն, եթե նայենք մյուս կողմից, Տիգրան Մեծը հայ թագավորների շարքում ամենահաջողակներից է, ում կառավարման ժամանակաշրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել այդ հաջողություններին հասնելու համար: Նա այնքան ազդեցիկ և ուժեղ է եղել, որ իր շուրջն է կարողացել համախմբել հայ ժողովրդին: Այս ամենին պետք է վերաբերվել որպես պատմության մի մաս: Եթե մեր խնդիրն է կրկին կառուցել ծովից ծով Հայաստան, ապա պետք է մշակել դրան համապատասխան օրակարգ, բայց կարծում եմ դա այդպես չէ: Մենք պետք է կառուցենք երկիր, որտեղ մարդիկ ներկայիս Հայաստանի և Արցախի սահմաններում կարողանան ապրել շատ ավելի լավ, քան միջին վիճակագրական հայը Տիգրան Մեծի ժամանակաշրջանում: Սա է իմ կոնցեպտը: Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում:

Lragir.am,
15-02-2020 20:34