Ամբողջությամբ փոխվում է ոստիկանության համակարգը

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Պարոն Սաքունց, հրապարակվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության նախագիծը, ըստ որի՝ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, Պարեկային ծառայության ստեղծում ճանապարհային ոստիկանության և ՊՊԾ փոխարեն: Ինչպե՞ս եք գնահատում ներկայացված նախագիծը, որքանո՞վ է սա բարեփոխելու մեր ոստիկանության համակարգը: Սրանով ամբողջությամբ փոխվում է ոստիկանության համակարգը և նոր ոստիկանության ուղղված ռազմավարություն է: Սա այն է, ինչ մենք տարիներ շարունակ պահանջում էինք: Ռազմավարության մեջ այդ ամենը նշված է, բայց ինչպես ենք դրան հասնելու` շատ կարևոր է այդ գործողությունների համարժեք իրականացումը: Դա լուրջ ռեսուրսներ է ենթադրում կրթական համակարգում, տեխնիկական համակարգում, սոցիալական համակարգում: Բայց պետք է ասեմ, որ սա շատ կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման արդյունքում, եթե մենք բոլոր ջանքերը գործադրենք, ապա կունենանք որակապես այլ, ժողովրդավարական և իրավական պետությանը համապատասխանող ոստիկանություն: Հեղափոխությունից հետո ամենաշատ դժգոհությունները հենց ոստիկանությունից են, որ հանիրավի մարդկանց բռնում, ապա ազատ են արձակում: Ձեր դիտարկումներն այս իմաստով ինչպիսի՞ն են: Ես համաձայն չեմ, որ միայն ոստիկանության հետ են կապված դժգոհությունները՝ Զինված ուժեր, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, կրթական համակարգ: Բոլոր այն ինստիտուտները, որտեղ բովանդակային և արմատական փոփոխություններ չեն կատարվել այդ ճահճային իրավիճակից հանելու ուղղությամբ, որ տարիներ շարունակ ընկղմված էին, բոլորից էլ դժգոհություն կա: Ուղղակի ժամանակ առ ժամանակ դրանք դուրս են մղվում: Իհարկե, առանձին-առանձին պետք է փոխել և փոփոխություններ մտցնել, բայց շատ կարևոր է, որ նման ռազմավարություններ մշակվեն: Մենք առայժմ Զինված ուժերի վերաբերյալ չունենք ռազմավարություն, քննչական մարմինների, դատախազության, ԱԱԾ-ի, կրթական համակարգի վերաբերյալ: Եկեք արձանագրենք, ու այս շարքում միայն ոստիկանությունը չի: Վերջին օրերին մեկ տասնյակից ավելի զոհ ունենք բանակում, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից: Արդյոք նոր ռազմավարության դեպքում մենք այլ պատկեր կունենայինք: Ի վերջո, ո՞րն է այսքան շատ դեպքերի բուն պատճառը: Պատճառների մասին բազմիցս խոսել ենք, դա զինված ուժերի կառավարումն է, որը մնացել է նույնը: Կրթվածությունը, պատրաստվածությունը, սոցիալական, տնտեսական ապահովվածությունը, կոռուպցիան: Այս բոլոր ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմները չեն կիրառված: Թե զինված ուժերում, թե իմ նշած բոլոր մարմիններում որևէ բան չի փոխվել: Եթե ղեկավարները փոխվել են, դա դեռ երաշխիք չէ, որ համակարգային փոփոխություններ են եղել: Ոստիկանության դեպքում տեսանելի է, թե ինչ պետք է արվի, տեսանելի է նաև, թե ինչ ոստիկանություն ենք ունենալու, բայց նույնը չես կարող ասել մնացած մարմինների վերաբերյալ: Օրինակ, ինձ համար հասկանալի չէ, թե ենթադրենք մի 5-10 տարի հետո ինչ դպրոց ենք ունենալու, ինչ բուհ ենք ունենալու, ինչ զինված ուժեր ենք ունենալու: Ինչպիսին պետք է լինի ԱԱԾ-ի տեսանելի պատկերը տարիներ անց: Առայժմ բոլորը գործում են նախկին ձևերով՝ թե կադրային, թե կարգավորումների, թե օրենսդրական, թե ապահովվածության առումներով: Այո, որոշ մարմիններում աշխատավարձերն ավելացել են, բայց դա բովանդակային փոփոխություն չէ: Բոլոր ինստիտուտները պետք է համապատասխանեցնել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին: Զինված ուժերում որո՞նք են այն խնդիրները, որոնք օր առաջ լուծում են պահանջում: Ընդհանրապես զինված ուժերի հիմքում պետք է դրվի զինծառայողի և զինվորի, սպայի, նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը: Նրանք ռեալ մարդիկ են, որոնք ունեն կարիքներ, որոնք ունեն պահանջներ, իրավունքներ: Այդ ամենը պետք է պահպանվի, և ծառայությունն այնպես կազմակերպվի, որ լինի գրավիչ: Սպաների արտահոսքը զինված ուժերից հենց դրանով է պայմանավորված: Սպա-զինվոր հարաբերությունները որքանո՞վ պետք է փոփոխության ենթարկվեն: Շատերը նշում են, որ այս ընթացքում սպայի լիազորությունները շատ են նվազել: Դրանք արմատական փոփոխության պետք է ենթարկվեն: Խնդիրն այստեղ լիազորությունները կրճատելու կամ ավելացնելու մասին չի. ինչպիսի՞ սպա ենք մենք ուզում տեսնել՝ խորհրդային համակարգի սպա՞, որը պետք է կատարի միայն հրամաններ և չունենա որևէ ապահովվածություն, դա չի կարող աշխատել 21-րդ դարում: Սպայի մասնագիտություն ընտրած մարդու համար պետք է հասկանալի լինի, թե ինչ տիպի, ինչ բնույթի ծառայության դեպքում ինչ հաջողություններ կամ առաջխաղացում կարող է ունենալ: Վերահսկողության օբյեկտիվ գնահատման գործիքներն այստեղ շատ կարևոր են: Պետք է լինեն աջակցության համակարգեր, վարքագծի վերահսկողության պայմանների ապահովման, բողոքարկման պատշաճ մեխանիզմներ: Ի վերջո, անմիջական խնդիր ունեցող զինվորին չպետք է տանել բանակ: Կամ տեխնիկական միջոցները պատշաճ պետք է զննվեն, քանի որ դրանք չապահովելու հետևանքով մահացությունների թիվը զգալի է: Սա խայտառակություն է: Այս ամենի պատասխանատուն ո՞վ է: Վարչապետը հայտարարում էր, որ բանակում զոհերի թվով պատմական մինիմումի ենք հասել: Պետությունն է պատասխանատուն: Խնդիրն այն է, որ պատճառները, որոնց հետևանքով այս վիճակը կա, չեն վերացել: Ոչ պաշտպանության նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը, ոչ ռազմական ոստիկանության պետը հարկ չեն համարում հանդես գալ, հաշվետվություն ներկայացնել, պարզաբանումներ տալ ստեղծված վիճակի համար, որ զգաս, որ իրենք իրենց պատասխանատու են զգում: Սա հենց կառավարման համակարգով է պայմանավորված: Մարդը պետք է հասկանա, որ եթե նման բաներ են լինում, ապա դա կարող է իր համար պաշտոն արժենալ: Սա է իրավիճակի ախտորոշումը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
16-02-2020 00:37