Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ

16-02-2020 13:56

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները շեշտել են երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորել քաղաքական երկխոսության, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն ուղենշել են հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով: «Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հաստատված արդյունավետ համագործակցությանը, ուղենշեցին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության զարգացման և ամրապնդման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
16-02-2020 13:56