ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են Հունաստանի հետ առաջին եռակողմ գագաթաժողովի նախապատրաստումը

16-02-2020 14:02

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկել են 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020թ․ ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասները: «Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Կողմերն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
16-02-2020 14:02