ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը երախտիքի երթ իրականացրեց դեպի Սիրիայի դեսպանատուն

16-02-2020 15:29

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ իրականացրեց՝ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 16-ին կազմակերպված երթը նվիրված էր Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Միջոցառման նպատակն է՝ երախտիքի երթ կազմակերպել դեպի Սիրիայի դեսպանատուն՝ ուղղելով մեր շնորհակալությունն ու երախտիքը Սիրիայի ժողովրդին, խորհրդարանին, բոլոր այն պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք նպաստել են այս կարևոր ճանաչմանը: Սա նաև ուղերձ է ուղղված և՛ արաբական աշխարհին, և՛ այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Քայլերթի մասնակիցներին դեսպանատանը դիմավորեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը: «Ես հպարտ եմ, որ Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, դա պատմական ճշմարտության արձանագրումն է: Հարյուր տարի առաջ Սիրիան իր դռները բացեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների առջև»,- ասաց դեսպանը: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Սիրիայում ընթացող պատերազմում ընկած մարտիկների հիշատակը:

Lragir.am,
16-02-2020 15:29