Արցախը պատրաստ է ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի. Վիտալի Բալասանյանի արձագանքը

16-02-2020 20:04

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Հարգելի հայրենակիցներ, Երեկ, 15.02.2020թ., Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունհեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում: Քննարկումը հեռարձակվում էր օնլայն ռեժիմով և այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց եզրույթներ, որոնց ես, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, պարտավոր եմ արձագանքել: Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրեց Ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն, այն տարբերակը, որը անընդունելի է Արցախի Հանրապետության համար: Հիշեցնեմ, որ հակամարտության լուծման այդ տարբերակը քննարկվում էր 1997-ին և դեռ այն ժամանակ հաստատակամորեն մերժվել է: Իլհամ Ալիևը, Մյունհենում կայացած քննարկման ընթացքում, ցույց տվեց, որ Ադրբեջանը, 23 տարի անց էլ, դեռ խոսում է նույն` հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին, որովհետև դա Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու ուղղակի ճանապարհն է: Նա ցանկանում է ադրբեջանցիների վերադարձը Արցախ և համաձայն է հասնել այդ նպատակին փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Արցախում և այլն: Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել և վերադարձել է 1997-ին: Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևին ասեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և Սովետական միության փլուզման զուգընթաց և համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հռչակել է Արցախը անկախ Հանրապետություն: Սա է իրողությունը: Արցախի Հանրապետությունը անկախ, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է և ցանկացած այլ մոտեցում անընդունելի է և ընկալվում է որպես պատերազմի սպառնալիք: Ի գիտություն նշեմ, որ Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում: Ցանկացած պարագայում, Արցախը պատրաստ է լուծել իր անկախության ու անվտանգության հարցը

Lragir.am,
16-02-2020 20:04