Ինչ խաղ է խաղում Ստանիսլավ Տարասովը. Հայաստանը խանգարու՞մ է

Ռուսաստանցի փորձագետ, ծնունդով Ադրբեջանից Ստանիսլավ Տարասովը, որն ունի դեռեւս խորհրդային տարիներից բավական հարուստ աշխատանքային փորձ միջազգային քաղաքականության նուրբ ռեգիոններում,- իսկ այդպիսի փորձ անշուշտ պատահական մարդիկ չէ, որ ունենում են,- հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկում է տարածքների հանձնման հարցը կարգավիճակի դիմաց: 168 ժամի հետ զրույցում նա ասում է, թե դա հաստատ է, բայց քանի՞ շրջանի մասին է խոսքը՝ չգիտե, կամ համենայն դեպս առայժմ ասում է, որ չգիտե: Բացառված չէ, որ հաջորդ փուլում նա ասի նաեւ շրջանների թիվը: Այդ ամենը շատ է հիշեցնում 2016 թվականի հետապրիլյան վիճակը՝ Սանկտ-Պետերբուրգի Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ եւ հետո, երբ դարձյալ ռուսական ու ադրբեջանական շրջանակներ սկսեցին ինտենսիվ խոսել այն մասին, թե Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում համաձայնել է հանձնել տարածքներ: Այդ ինտենսիվ գեներացիային Հայաստանում հաջորդեց հուլիսյան զինված գործողությունը եւ ներքին ճգնաժամը: Տարասովն այժմ ասում է, թե Փաշինյանն ունի հարուստ ժառանգություն, թե նա ուզում է ազատազրկել նախկին նախագահներին, բայց նրանցից որեւէ մեկը տարածք չի հանձնել, այլ պահել է ստատուս-քվոն: Նոմինալ առումով Տարասովն իհարկե ճիշտ է, գուցե բացառությամբ, որ նախկին նախագահներից մեկը տանուլ է տվել մի քանի հեկտար: Բայց դա իհարկե շատ հարաբերական հարց է, հաշվի առնելով ապրիլյան պատերազմի ամբողջ բազմաշերտությունը ռազմա-քաղաքական իմաստով: Այդ համատեքստում կարող է պարզվել անգամ, որ Սարգսյանը նույնիսկ կարողացել է պահել ավելին, քան եղած վտանգը: Այդ ամենն այլ հարց է: Խնդիրն այն է, թե ի՞նչ գնով են նախկին նախագահները պահել այդ ստատուս-քվոն, միջազգային հարաբերությունների օրակարգում ի՞նչ բովանդակության գնով: Այդ բովանդակությունն անցնող քառորդ դարում արցախյան հարցում մեկը մյուսին հաջորդած տարբեր անվանումներով տարբերակներն են, որոնք բոլորն այս կամ այն կիերպ ենթադրել են տարածքների հանձնումը: Ավելին, այդ համաձայնությունը շատ դեպքերում եղել է նաեւ բացահայտ: Դա՞ է հարուստ ժառանգությունը, որ ըստ Տարասովի ստացել է Փաշինյանը, թե՞ այդ սկզբունքների հիման վրա լավրովյան կամ կազանյան պլանները, 2017-ից շրջանառության մեջ բերված «տարածք խաղաղության դիմաց» բանաձեւը: Փորձառու Տարասովն ըստ ամենայնի հիանալի է պատկերացնում, որ ստատուս-քվոն պահել են ոչ թե Հայաստանի նախկին նախագահները, կամ ոչ այնքան նրանք, որքան աշխարհքաղաքական իրավիճակը, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունը: Եվ նույն ստատուս-քվոն գրոհի է ենթարկվել Ռուսաստան-Թուրքիա եղբայրության շրջանակում: Ամբողջ հարցը հենց այն է եղել, որ ստատուս-քվոն պահվել է ավելի շատ Հայաստանի նախագահների կամքից անկախ, քան նրանց կամքով: Հենց դա է, որ փոխելու անհրաժեշտություն ունի: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «մյունխենյան սկզբունքների» մասին, ավելի վաղ Ստեփանակերտում հայտարարել է համազգային կոնսենսուսով պատերազմի արդյունքի պաշտպանության մասին: Այդ փոփոխության ուղղությամբ է, որ ընթանում է խաղը, ու այդ խաղի մաս է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակի մասին հայտարարությունը, որն Ալիեւին դնում է փակուղու առաջ: Ինչ է խաղում Տարասովը, պարզ չէ: Բայց այդ խաղում նշմարելի է դառնում Հայաստանի նոր խաղը փչացնելու ջանքը: Դա՞ է նրա նպատակը: Արդյոք այդ խաղը խանգարում է Ռուսաստանին հերթական անգամ հայերի հաշվին պայմանավորվել Թուրքիայի հետ, որտեղ աշխատանքի մեծ փորձ ունի նաեւ հարգարժան քաղաքագետը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
18-02-2020 11:11