Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

18-02-2020 11:37

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահ Յոնգ-Իկ Կիմին: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որի շնորհիվ էլ կազմակերպվել է հայկական պատվիրակության այցը Կորեա: Յոնգ-Իկ Կիմը խոսել է նման փոխանակման ծրագրերի և միջոցառումների կարևորության մասին, հաշվի առնելով այն, որ Կորեայի առողջապահական ապահովագրական համակարգը ձևավորվելով 1977 թվականին` մեծ հաջողություններ է գրանցել և օրինակելի է աշխարհի շատ երկրների համար: Նա նշել է, որ կորեական կողմն ուրախ է կիսվելու իրենց փորձով այլ երկրների քաղաքական գործիչների, պատգամավորների և ոլորտի ներկայացուցիչների հետ: Նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և փորձի փոխանակման համար: «Այն երկրների համար, որոնք նոր են սկսում նման բարեփոխումների ճանապարհով գնալ` Կորեայի փորձը շատ կարևոր և օգտակար է», – ասել է նա և հավելել, որ Հայաստանը ևս ընտրել է այդ ճանապարհը և գտնվում է հանրային առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման սկզբնական փուլում: Կողմերը կարևորել են նաև փորձագետների փոխանակությունը երկրների միջև և պայմանավորվածություն ձեռք բերել ապագա համագործակցության համար: Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար Ադաննա Ճուկվուման ընդգծել է երկրների միջև երկխոսության ստեղծման կարևորությունն արդեն կայացած համակարգերի մասով և ավելացրել, որ Համաշխարհային բանկը նույնպես շարունակելու է աջակցել Հայաստանին` բարեփոխումների մասով: Հանդիպման վերջում նախարար Արսեն Թորոսյանը կորեացի փորձագետներին հրավիրել է այցելել Հայաստան` ուսումնասիրելու վերջին տարիներին իրականացված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԱՆ-ից:

Lragir.am,
18-02-2020 11:37