Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ

18-02-2020 13:07

Վրաստանում քաղաքացիական ակտիվիստները եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները փետրվարի 18-ի առավոտից բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս Իրակլի Շոթաձեին հանրապետության գլխավոր դատախազ նշանակելու դեմ: Այսօրվա ակցիան կապված է խորհրդարանի բյուրոյի նիստի հետ, որտեղ որոշվելու է, թե հարցը երբ քվեարկության կդրվի լիագումար նիստում: «Ցավոք մենք գիտենք, որ նրանք կպաշտպանեն Շոթաձեի թեկնածությունը, ուստի հարկավոր է փոխել Իվանիշվիլիի ամբողջ ուղղաձիգը»,-լրագրողներին հայտարարել է ակցիային մասնակցող «Եվրոպական Վրաստանի» ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան: Հանրահավաքի մասնակիցները փորձել են փակել Չիչինաձե փողոցի երթեւեկելի մասը, ինչի պատճառով ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Ցուցարարները մեծամասնությունից պատգամավորների համար կազմակերպել են այսպես կոչված «ամոթանքի միջանցք» եւ նրանց ուղեկցել սուլոցներով ու վիրավորական բացականչություններով: Նախօրյակին իրավաբանական հարցերի խորհրդարանական կոմիտեն պաշտպանել է Իրակլի Շոթաձեի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար, ինչն առաջացրել է ընդդիմության վրդովմունքը: Նախկին գլխավոր դատախազի թեկնածությունը փետրվարի 7-ին առաջադրել է Դատախազական խորհուրդը: Գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկել են խորհրդի 12 ներկայացուցիչներից 11-ը: 36 տարեկան Իրակլի Շոթաձեն արդեն երեք տարի՝ 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2018 թվականի մայիսն աշխատել Է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հաղորդել է Sputnik-ը:

Lragir.am,
18-02-2020 13:07