Գաղտնաբառեր գողացող ծրագրերը 2019-ին գրոհել են 18%-ով ավելի հայաստանցի օգտատերերի

19-02-2020 10:40

Հայաստանցի այն օգտատերերի քանակը, որոնք ենթարկվել են գաղտնաբառեր գողանալու համար նախատեսված ծրագրերի գրոհների, 2019-ին աճել է 18%-ով: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընկերության լուծումները նման գրոհներ են հետ մղել աշխարհի մոտ երկու միլիոն օգտատերերի սարքերում: Գաղտնաբառեր գողանալու համար նախատեսված ծրագրերը կարողանում են տեղեկատվությունը կորզել ուղղակի բրաուզերներից (դիտարկիչ): Այդ տեղեկատվությունը ներառում է, այդ թվում, տարբեր օգտահաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, վճարային քարտերի պահպանված տվյալները և ավտոմատ լրացման ձևերի պարունակությունը: Բացի այդ, 2019-ին Հայաստանում արդիական է մնացել ֆիշինգային գրոհների սպառնալիքը, որոնց ընթացքում չարագործները, որպես կանոն, փորձում են տիրանալ օգտատերերի անհատական և վճարային տվյալներին: Հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Կասպերսկի» ընկերության լուծումները ամեն ամիս կանխարգելել են հայաստանցի օգտատերերի՝ խարդախ կայքեր անցնելու միջին հաշվով 20 հազար փորձ: Ֆիշերները համակ ուշադրությամբ հետևում են նորություններին և օգտագործում տարբեր խոշոր իրադարձությունների և հայտնի մարդկանց նկատմամբ լայն հասարակության հետաքրքրությունն՝ ստեղծելով պաշտոնականին նման տեսք ունեցող խայծեր և մարդուն խորամանկությամբ ստիպելով սեղմել վնասաբեր հղումը կամ թողնել անձնական տվյալները: «Օգտատերերի կողմից գեներացվող տվյալների քանակը, ինչպես նաև չարագործների համար դրանց արժեքավորությունն անընդհատ աճում է: Նրանք այլոց անձնական տեղեկատվությունը վաճառում են փակ ֆորումներում: Այդ ակտիվներին հասանելիություն ստանալու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ, այդ թվում՝ գաղտնաբառերի գողության ծրագրեր և ֆիշինգ: Եթե դուք հայտնաբերել եք, որ որևէ ծառայությունից ձեր տվյալներն արտահոսել են համացանց, հարկ է անմիջապես փոխել օգտահաշվը մուտքի գաղտնաբառը: Գոյություն ունեն նաև հիմնական կանոններ, որոնց պահպանումն օգնում է նվազեցնել հնարավոր արտահոսքերից և տվյալների չարամիտ օգտագործումից բխող ռիսկերը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության ավագ վերլուծաբան Տատյանա Սիդորինան: Գաղտնի տեղեկատվությունը պահպանելու համար «Կասպերսկի» ընկերությունն օգտատերերին խորհուրդ է տալիս. չանցնել սոցիալական ցանցերի, մեսենջերների և փոստի կասկածելի հղումներով; տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud, որն ունի օգտահաշվի ստուգման գործառույթ և տեղեկացնում է, եթե տվյալներն արտահոսում են համացանց; բոլոր օգտահաշիվների համար ստեղծել հուսալի գաղտնաբառեր (սկսած 12 նիշից, տարբեր ռեգիստրների (մեծատառ, փոքրատառ) տառերով, թվերով և հատուկ նշաններով) և մոտ երեք ամիսը մեկ փոխել դրանք, ինչպես նաև գրագետ պահպանել գաղտնաբառերը. չգրանցել թղթի կտորի վրա կամ հեռախոսում, այլ օգտագործել գաղտնաբառերի հատուկ մենեջերներ; որտեղ հնարավոր է, միացնել մուտքի երկգործոն իրավազորում; ծրագիրը տեղադրելուց առաջ ծանոթանալ դրա օգտագործման համաձայնագրին. այն պարունակում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ է հավելվածն անելու անձնական տվյալները; հավելվածներին տրամադրել միայն այն գործառույթների հասանելիություն, որոնք դրանց իսկապես անհրաժեշտ են: Եթե, օրինակ, մոբայլ սարքի լապտերիկի հավելվածը կատարում է խոսափողին կամ ֆոտոխցիկին հասանելիության հարցում, դա զգուշանալու առիթ է: «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Lragir.am,
19-02-2020 10:40