Բրիտանիան ներգաղթի բալային համակարգ է սահմանում որակյալ կադրերի ներգրավման համար

19-02-2020 11:32

Մեծ Բրիտանիան կգործարկի ներգաղթյալների մասնագիտական հատկությունների գնահատման նոր համակարգ՝ երկրում օտարերկրյա աշխատուժի մակադարկի բարձրացման համար: Այդ մասին ասված Է կառավարության՝ փետրվարի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք վերջ կդնենք միգրանտների ազատ տեղաշարժին, կվերականգնենք վերահսկողությունը մեր սահմանների նկատմամբ… Մեծ Բրիտանիայում ներգաղթի նոր համակարգի հաստատման միջոցով, որը հիմնված է բալերի վրա»,- հայտարարել Է ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը: Նա հավելել է, որ այդ նախաձեռնությունը թույլ կտա «ներգրավել ամենափայլուն եւ լավագույն աշխատողներին ամբողջ աշխարհից, խթանել տնտեսական աճը… եւ լիովին իրացնել երկրի ներուժը»: Նոր համակարգը կսկսի գործել 2021 թվականի հունվարի 1-ին: Թեկնածուներին բալեր կհաշվեգրվեն՝ կախված մի շարք չափանիշների համապատասխանությունից. պետք է գնահատվեն հմտություններն ու որակավորումը, անգլերենի իմացության մակարդակը եւ նման բաներ: Բացի դրանից, աշխատանքային այցագիր ստանալու համար անհրաժեշտ կլինի աշխատանքի տեղավորման առաջարկության առկայությունը: Նշվում է, որ նորամուծությունը միատեսակ մոտեցում կապահովի Եվրամիության քաղաքացիների եւ դրա մեջ չմտնող երկրների բնակիչների նկատմամբ: Նման բարենորոգումը կոչված Է պարզեցնելու բարձր որակավորում ունեցող աշխատուժի մուտքը երկիր՝ միգրանտների ընդհանուր հոսքի միաժամանակյա նվազեցմամբ հանդերձ: Գնահատումների համաձայն՝ ներկայում Եվրամիության պետություններից Միացյալ թագավորության տարածք ժամանածների 70 տոկոսը չի համապատասխանում այն պահանջներին, որոնք կառաջադրվեն բարձր որակավորմամբ պորֆեսիոնալներին նոր հակարգի ուժի մեջ մտնելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
19-02-2020 11:32