1000 ստուգմամբ մենք 83 մլրդ հավելյալ գումարներ ենք առաջադրել. Դավիթ Անանյան

19-02-2020 13:19

2018 թվականի ընթացքում ՊԵԿ-ն իրականացրել է 1 166 համալիր հարկային ստուգում, արձանագրվել է բյուջե վճարման ենթակա 30 մլրդ դրամ հարկ, 2019-ին ստուգումների թիվը նվազել է, բայց գումարն ավելացել: Այս մասին այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Ուզում եմ մի շատ կարևոր բան ֆիքսենք՝ հարկային վարչարարություն կոչվածը միայն ստուգում չէ, նաև հարկ վճարողի իրազեկում է, սպասարկում է, հարկ վճարողի ուշադրությունը հրավիրելն է այս կամ այն անհամապատասխանության վրա: Օրինակ՝ 2019 թվականին մենք թվային առումով ավելի պակաս ստուգումներ ենք արել՝ 1020, բայց 62 մլրդ դրամ է ակտերի գումարը, և 20 850 մլն դրամ ճշտումներ են ներկայացվել ստուգումների ժամանակ»,- նշեց Դավիթ Անանյանը: Այդ 62 մլրդ դրամ ակտերից շուրջ 30 մլրդ արժողությամբ ակտերը բողոքարկվածներն են, որոնք վերաբերում են գազալացակայանների գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներին: «Բայց այնուամենայնիվ, եթե մենք ցուցանիշը համեմատենք, 2019 թվականի ընթացքում 1000 ստուգմամբ, կարելի է ասել, մենք 83 մլրդ հավելյալ գումարներ ենք առաջադրել»,-  հավելեց նա: ՊԵԿ նախագահը նշեց, որ կատարելագործվում է ռիսկերի հիման վրա ստուգումների համակարգը: Եվ վերջում պետք է ունենալ այնպիսի համակարգ, որում մարդկային գործոնը գրեթե ազդեցություն չունենա: «Իսկ մարդկային գործոնն այսօր էլ ազդեցություն ունի, և ամենամեծ ազդեցությունն այդ ստուգման ցուցակին ունեմ ես, որովհետև ես եմ վերջում իմ հրամանով հրապարակում այդ ցուցակը»,- նշեց Անանյանը:

Lragir.am,
19-02-2020 13:19