Այս տարի եկամուտների համատարած հայտարարագրումը ներդնելու նպատակ կա

19-02-2020 13:49

Եկամուտների համատարած հայտարարագրումն այս տարվանից նպատակ կա ներդնել: Այս մասին այսօր Ազգային  ժողովում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Ասեմ ավելին, շատ ավելի վաղ ենք ուզում ներդնել, ժամկետներ չեմ ուզի ասել, բայց գիտեք՝ ես դրա դրոշակակիրներից մեկն եմ՝ ինչքան շուտ, էնքան լավ, որովհետև կարծում եմ՝ մեր հարկաբյուջետային քաղաքականության ապագան ընդհանրապես և հարկման քաղաքականության ապագան ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման մեջ է»,- ասաց նա: Ըստ Անանյանի՝ դա մեծ հնարավորություններ է տալու մնացած հարկերի հետ կապված հաշվեկշռային քաղաքականութուն վարել: «Երեկվա քննարկմանը կառավարությունում ֆինանսների նախարարությունը բերել էր մի հայեցակարգային փաստաթուղթ, որտեղ հիմնական հարկային քաղաքականության հետ կապված 7 շեշտադրում կար կամ 7 հայեցակարգային նշանակետեր, որոնցից մեկի շրջանակներում համատարած հայտարարագրումը կար, որ մենք պետք է անպայման անենք: Շատ կարևոր շեշտադրումներ կան արտոնությունների հասցեականության ու կրճատման հետ կապված մեր դիրքորոշումը ձևավորելու, գույքահարկի ռեֆորմի հետ կապված և այլն: Այսինքն՝ այն, ինչ մենք իրար հետ քննարկել ենք, այնպիսի թեմաներ, որոնք արժանի են քննարկման, բոլորը խտացված են այդ 7 ենթանպատակների մեջ»,- ասաց Անանյանը:

Lragir.am,
19-02-2020 13:49