Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են, և այդ քաղաքականությունը մինչ օրս չի փոխվել

19-02-2020 14:08

ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնի 16 հարվածով սպանվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Հայ սպայի գազանային սպանությունը պարզապես մի դեպք չէ, դա Ադրբեջանի որդեգրած քաղաքականության արտահայտություն է, քաղաքականություն, որը եղել է այդ սպանությունից առաջ և շարունակվում է մինչ օրս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Հիշեցնելով հայ սպայի դավադիր սպանության դեպքը՝ փորձագետը նշեց. «Այս պատմությունը բոլորիս շատ հայտնի է, բայց սա պատմություն է Ադրբեջանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ, որը եղել է թե Գուրգեն Մարգարյանի ցավալի սպանությունից առաջ, թե պահպանվում է մինչ օրս: Հետագայում 2012 թվականի օգոստոսին Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Հունգարիայից Ադրբեջան, ամենայն հավանականությամբ, խոշոր գործարքի դիմաց: Իլհամ Ալիևի հրամանագրով Սաֆարովը ազատ է արձակվել և այնտեղ իրեն հարգում ու պատվում են ինչպես հերոսի: Նրան տվեցին զինվորական կոչում, 7 տարվա աշխատավարձը և մինչ օրս նա շարունակում է հերոսի կարգավիճակով ապրել Ադրբեջանում: Այս օրը մեզ պարտադրում է ևս մեկ անգամ հիշել, որ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են, և դա չի փոխվել: Սա ամենևին հուզական ընկալում չէ, սա իրականություն է, թե ում հետ գործ ունենք»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Փորձագետը հիշեցրեց մեկ այլ դեպք 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին` ադրբեջանցի ենթասպաներից մեկը Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի կտրած գլուխն էր ցուցադրում իրենց գյուղերում և հրճվում: «Հետո տեսանք լուսանկարներ, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրում էր տվյալ զինծառայողին, և այսօր էլ նա Ադրբեջանում իր համար հանգիստ շրջում է ու նա ևս վերածվել է ադրբեջանական հերոսի երիտասարդության համար: Այսինքն` Ռամիլ Սաֆարովի տմարդի արարքը պարզապես մի դեպք չէր, կան բազմաթիվ այդպիսի դեպքեր, և այլ ռազմական հանցագործներ ևս կան Ադրբեջանում: Սա է այն պետությունը, որի հետ մենք գործ ունենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Lragir.am,
19-02-2020 14:08