Մեր նպատակն իրենց բացահայտելն է և իրավագիտակցության բերելը. ՊԵԿ նախագահ

19-02-2020 14:06

ՀԴՄ կտրոնների քանակը գնալով ավելանում է, բայց հնարավոր չէ ասել, թե ինչ են մտածում վարչապետի հայտարարությունների մասին այն անձինք, ովքեր ՀԴՄ կտրոն չեն տպում: Այս մասին ասօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Եթե դուք վարչապետի վերջին գրառումը տեսել եք, նախորդ հունվարի համեմատ 9 մլն-ով ավելի ՀԴՄ էր տպվել: Կա հանրության մի շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է և ոչ միայն վարչապետի, այլ նաև ՊԵԿ հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև բարձրանում է մակարդակը, դրա հաշվին գնալով ավելանում են: Միշտ բոլոր պետություններում էլ կա մի այլ զանգված, որն անընդհատ փորձելու է այս կամ այլ եղանակով հակեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել: Մեր նպատակն ու գործառույթն իրենց բացահայտելն է և նաև հորդորների տեսքով իրենց իրավագիտակցության բերելը»,- ասաց նա: Ըստ Անանյանի՝ չի կարելի շահագրգռել քաղաքացուն, որ ՀԴՄ կտրոն տպի: «Երբ որ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես քեզ գումար կվճարեմ ՀԴՄ կտրոն վերցնելու համար, դու ոչ թե ձևավորում ես մշակույթ, այլ շահի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, ինչը մենք չենք ընդունում: Չի կարելի այդպիսի բան անել, պետք է այսպես հորդորելով, համոզելով, պարտադրելով գնանք առաջ»,- ասաց նա:

Lragir.am,
19-02-2020 14:06