Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն լինի. նախարար

19-02-2020 14:18

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացին ներգրավված չեն լինելու: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք դա գործով են ապացուցում: «Հայաստանում տեղի են ունեցել մի շարք ընտրություններ և մենք ունենք զրո փաստ այն մասին, որ որևէ ուսումնական հաստատություն կամ ղեկավարություն ինչ-որ ձևով ներգրավված է եղել այդ գործընթացներում: Ամեն դեպքում, նախկինում եղած անախորժ իրավիճակներից ապահովագրելու համար ԿԸՀ-ի հետ մշակել ենք շրջաբերական և ուղարկել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, հասարակության շրջանում անհանդուրժողականություն, ատելություն չկա: «Կարող ենք դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ և տեսնել, որ նման բան գրեթե չկա: Այդ ատելությունը ֆեյքերի բանակների միջև է սոցիալական ցանցերում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Lragir.am,
19-02-2020 14:18