Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիացի խորհրդարանականներին

19-02-2020 15:57

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերթել Հարդերի, եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պատգամավորների հետ: Դանիայի խորհրդարանի պատգամավորների խնդրանքով հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներն ու Թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ձեռքբերումները: Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ տարածաշրջանային խնդիրներին: Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկատվություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը` այն բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, ինչպես նաեւ կարեւորել է Դանիայի հավասարակշիռ եւ անաչառ դիրքորոշումը եւ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Դանիական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ-ԵՄ համագործակցությանը եւ դրա զարգացման հեռանկարներին: Շնորհակալություն հայտնելով Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այն հանդիսանում է երկկողմ համագործակցության իրավական հիմքը, հայկական կողմն արդեն իսկ ներկայացրել է դրա իրագործման ճանապարհային քարտեզ եւ ակնկալում է, որ Դանիան իր գործուն աջակցությունը կբերի այդ փաստաթղթում արտացոլված բոլոր ոլորտներում: Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարեւորել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուտափույթ մեկնարկը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ բարեխղճորեն կատարել է այն ապահովելու բոլոր նախապայմանները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի: Դանիացի խորհրդարանականների խնդրանքով հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին: Խոսվել է նաեւ Հայաստանի երկու հարեւան երկրների՝ Իրանի եւ Վրաստանի հետ սերտ հարաբերությունների մասին: Առանձին քննարկման թեմա է դարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայության փաստը եւ դրա անդրադարձը տարածաշրջանային համագործակցային ծրագրերի հեռանկարների վրա: Խոսելով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգի մասին` հայկական կողմը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Դանիական կողմը խոստացել է օժանդակություն ցուցաբերել ժողովրդավարական ձեռբերումներն ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ջանքերին:

Lragir.am,
19-02-2020 15:57