ԱՄՆ սպասելիքն Արցախի ընտրությունից. հետաքրքրությունն աճում է

ԱՄՆ մի քանի կոնգրեսականներ իրենց աշխատակիցներին գործուղելու են Արցախ՝ նախագահի ընտրությունը դիտարկելու համար: Այդ մասին նրանք հայտնել են Ամերիկայի ձայնի հետ զրույցում: Անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսականներն իրենք են եղել Արցախում: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն անշուշտ իրականացնում է պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը, եւ այդ իմաստով կոնգրեսականներն իհարկե չեն արտահայտում այդ քաղաքականության պաշտոնական դիրքորոշումը: Միաժամանակ սակայն, Նանագների պետական ու քաղաքական կառուցվածքն իր առանձնահատկությամբ թույլ է տալիս լինել առավել ճկուն, ինչի դրսեւորում է նաեւ օրինակ այն, որ ԱՄՆ գործնականում բոլոր նահանգներն առանձին ճանաչել են հայերի ցեղասպանությունը եւ ի վերջո ցեղասպանության ճանաչման երկու բանաձեւ ընդունվեց նաեւ համապետական մակարդակով՝ Կոնգրեսի երկու պալատներում: Եվ անկասկած է, որ նախկինում այդօրինակ փորձերին աշխուժորեն խոչընդոտող Սպիտակ տունը նախորդ տարեվերջին գործնականում չխոչընդոտեց Կոնգրեսի այդ ճանաչումներին: Արցախի անկախությունը ճանաչել են ԱՄՆ ոչ բոլոր նահանգները, առայժմ միայն 9-ը: Սակայն բանն անշուշտ վիճակագրությունը չէ: Հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացում Կոնգրեսի երկու պալատների աննախադեպ որոշումները հայկական հարցն ամերիկյան քաղաքականության շրջանակում բերել են նոր հարթություն, բարձրացրել են նոր աստիճանի վրա: Դա անշուշտ պայմանավորված է թե ներքին, թե նաեւ արտաքին մի շարք հանգամանքներով ու իրողություններով, այդ թվում Հայաստանում թավշյա հեղափոխության հանգամանքով, հայ-ռուսական հարաբերության համատեքստում դրանից հետո ինքնիշխանության գործոնի շեշտադրումով, թուրք-ամերիկյան հարաբերության անխուսափելի տրանսֆորմացիայով, ամերիկա-ռուսական հարաբերությամբ, Մերձավոր Արեւելքում իրողություններով: Ընդհանուր առմամբ, հայկական հարցի ամերիկյան նոր աստիճանակարգը պայմանավորված է նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացի դինամիկայով եւ ինտենսիվ փուլով, որում գտնվում են միջազգային հարաբերությունները: Հայկական հարցն այդ իմաստով իրավա-քաղաքական ազդեցիկ հաղթաթուղթ է, ինչը միեւնույն ժամանակ բավական արդյունավետ ռեսուրս ու խաղաքարտ է նաեւ հայության, Հայաստանի Հանրապետության համար: Հայկական հարց ասվածը լոկ ցեղասպանության ճանաչման հարցը չէ: Այդ իմաստով, Արցախի հանդեպ ամերիկյան հետաքրքրությունն արձանագրելու է կայուն աճ, եւ այստեղ շատ էական է, թե այդ միտումն ինչպես կօգտագործի հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը: Հետսառըպատերազմյա նոր աշխարհակարգի հիմքը կամ առաջին քարերից մեկը դրվել է Արցախում՝ հայկական հաղթանակով: Տարիների ընթացքում սակայն ամրությունն այդ իմաստով հարուցել է կասկած: Կասկածն էապես ցրվեց ապրիլյան քառօրյա պատերազմում բանակի ինքնիշխան դիմադրությամբ, եւ հետագա բավականին դրամատիկ երկու տարիներից հետո՝ թավշյա հեղափոխությամբ: Գործնականում, Արցախում նախագահի ընտրությունը, Արցախի նոր որակի եւ սերնդի իշխանության ձեւավորումը նաեւ ռազմա-քաղաքական բովանդակության համարժեքության իմաստով, առանցքային նշանակություն է ունենալու նոր աշխարհակարգում հայկական գործոնի էական դերակատարման ամրապնդման հարցում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
19-02-2020 16:07