Էրդողանը չի հավատում Սիրիայում Ռուսաստանի մասնակցությանը «վատ սցենարներին»

19-02-2020 16:17

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, թե չի հավատում Սիրիայում վատ սցենարին Ռուսաստանի մասնակցությանը, որպիսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը սիրիական Իդլիբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կմասնակցի նման վատ սցենարների»,- ասել է Էրդողանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով վատ սցենարի վերաբերյալ Կրեմլի արած հայտարարությունը: Փետրվարի 19-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ: «Եթե խոսքը վերաբերում Է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն Է»,-հավելել է Պեսկովը: Մինչ այդ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել է Թուրքիայի ղեկավարը: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ նշել է, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցություններն «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել»:

Lragir.am,
19-02-2020 16:17