Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է ընթացիկ տարում թվայնացնել և վերականգնել «Պեպո» ֆիլմը

19-02-2020 16:33

Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է 2020 թ-ին թվայնացնել և վերականգնել ռեժիսոր Համո Բեկնազարյանի՝ 1935 թ-ին  նկարահանված «Պեպո» ֆիլմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: «1935 թ-ի «Պեպո»-ի հայերեն տարբերակը չի պահպանվել, այլ ընդամենը մի փոքր հատված: Ֆիլմի ռուսական տարբերակը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մեզ համար այդ գործընթացը շատ կարևոր է, քանի որ այս տարի «Պեպո»-ի համար հոբելյանական է»,- նշեց Միրզախանյանը: Նա նշեց, որ Հայաստանի ազգային արխիվում գտնվել են ֆիլմի նիտրոպոզիտիվ ժապավեններ, որոնք վերականգնելու են և թվայնացնելու: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը համոզմունք հայտնեց, որ այս գործում իրենց կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը: Միրզախանյանը նաև շեշտեց, որ 2020 թ-ին իրենք պատրաստվում են վերանորոգել Տերյան 3Ա հասցեում գտնվող կինոկենտրոնի տարածքը: «2019 թ-ին ԿԳՄՍ նախարարությունը աջակցեց, որպեսզի կարողանանք գծագրերը պատրասենք և հույս ունեմ, որ այս տարի գերատեսչությունը կհատկացնի գումարը և շինարարությունը կսկսենք»,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը: Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս պահին գտնվում է «Հայ ֆիլմ»-ի տարածքում, որը տրվում է վարձով:

Lragir.am,
19-02-2020 16:33