Թումանյանի թանգարանը հետաքրքիր նախաձեռնություններով տոնեց գրողի 151- ամյակը

19-02-2020 17:45

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, Երևանում գրողի թանգարանը կազմակերպեց և իրականացրեց «Թումանյանի կենացը» ավանդական հյուրասիրություն և խաղ-մրցույթը, թանգարանն իր հրատարակած գրքերը վաճառեց հատուկ գնացուցակով, ներկայացրեց «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագիրը: Թանգարանում տեղի ունեցան «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ հայ իրականության մեջ Թումանյանի հանրահռչակման գործառույթը շատ կարևոր է: «Նրան անհրաժեշտ է նորովի ներկայացնել: Վերջին տարիներին թանգարանն ամեն կերպ փորձում է Թումանյանին ճանաչելի դարձնել տարբեր տեսանկյուններից, որպես բացառիկ հասարակական, պետական գործչի: Պետք է ներկայացնել նրա հրապարակախոսական հոդվածները, որոնք պակաս գեղարվեստական չեն»,-նշեց Եղիազարյանը: Նրա խոսքով`համաշխարհային դաշտում Թումանյանին պատշաճ ներկայացնելու համար կարևորագույն օղակ է որակյալ թարգմանությունը: «Թումանյանը լավ գիտեր, թե ինչ բարդ աշխատանք է դա, և երբ համաշխարհային գործերն էր թարգմանում, ուսումնասիրում էր նրանց կյանքի ամենափոքր դրվագն անգամ, հեղինակի հոգեկերտվածքը հասկանալու համար»,-ասաց թանգարանի տնօրենը: Եղիազարյանը փաստեց, որ օտար լեզուներով հատկապես շատ են թարգմանվել Հովհաննես Թումանյանի հեքիաթները և ժամանակն է, որ  լրջորեն թարգմանվեն Թումանյանի բանաստեղծությունները և խոհափիլիսոփայական  գործերը` քառյակները: Գրողի թանգարանը փորձել է աջակցել նման գործերի թարգմանությանը: Բարձրակարգ թարգմանությամբ արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն  են ներկայացվել  Թումանյանի քառյակներն ու բանաստեղծությունները: «Այս շարքը պետք է  շարունակական լինի, որովհետև ինչպես Թումանյանն էր ասում`  քառյակները հոգու շտրիխներն են: Դրանցում կարող ենք գտնել Թումանյանին նրա կյանքի վերջին տարիների խոհափիլիսոփայական բարձր մղումներով»,-եզրափակեց Անի Եղիազարյանը:

Lragir.am,
19-02-2020 17:45